
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Մի քանի օր առաջ զանգահարեց ազատամարտիկ, 14 տարի առաջ բանակում որդուն կորցրած Վարդան Հակոբյանը, ում ընտանիքի ողբերգությանը «Հետքն» անդրադարձել էր մի քանի ամիս առաջ:
«ՊՆ քննչականից մեզ գրություն են ուղարկել, էդ թղթի մեջ գրել են, որ կասեցումից հանել են գործը, իմ տղայի սպանության գործով նախաքննությունը վերսկսել են: «Հետքի» հոդվածից մի 10 օր հետո էր»,-ասաց 2000 թ-ի սեպտեմբերի 25-ին որդուն՝ զինծառայող Արման Հակոբյանին կորցրած ազատամարտիկ Վարդան Հակոբյանը՝ ցանկություն հայտնելով հանդիպել ու փոխանցել նախաքննությունը վերսկսելու մասին ՊՆ քննչականից ուղարկված գրությունը: Քրեական դատավարության օրենսգրքի 160 հոդվածի 3-րդ կետի համաձայն, քննիչը պարտավոր է գործով վարույթը վերսկսելու մասին հաղորդել մեղադրյալին և պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին: Այս դրույթի համաձայն, Վարդան Հակոբյանին ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացրել են, որ որդու մահվան գործով նախաքննությունը վերսկսվել է: Վարդան Հակոբյանը միայն մտահոգ էր մի հարցում. «Ինձ չեն ասում, թե ինչ են անում, ո՞ւմ են հարցաքննում, ի՞նչ նյութեր են հավաքում: Մենք էլ փաստաբանի կարիք ունենք, բայց չենք կարող վճարովի փաստաբան ունենալ, ֆինանսական վիճակս չի ների: Փաստաբան ունանայինք, հիմա էսքան չէի նեղվի, ինքն իրավաբանորեն կբացատրեր, թե ինչ է կատարվում»,-ասում է Վարդան Հակոբյանը: Նա 14 տարի ցանկանում է իմանալ ճշմարտությունը, թե ինչ հանգամանքներում է մահացել իր 19 տարեկան որդին: Իսկ նախաքննության առաջ քաշած վարկածին՝ ինքնասպանությանը, Վարդանը չի հավատում: Ընտանիքը չի հավատում ինքնասպանության վարկածին. Արմանը ծեծված է եղել
ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել) նախ գործ է հարուցվել Զանգեզուրի կայազորի զինդատախազության կողմից, ապա ուղիղ մեկ տարի անց, 2001-ին, նախաքննությունը կասեցվել է հանցագործություն կատարած անձանց անհայտ լինելու հիմքով: 2007 թ-ին այս գործը զինդատախազությունից փոխանցվել է ՀՀ Պ քննչական վարչության ՀԿԳ քննչական բաժին: 2008-ին, Վարդան Հակոբյանի բազմաթիվ բողոքներից հետո, կասեցման որոշումը վերացվել է, կատարվել է լրացուցիչ նախաքննություն: Պարզվել է, որ դեպքից 1 օր առաջ Արմանին ծեծի են ենթարկել մի քանի շարքայիններ՝ զորամասից հափշտակված զենքի գործով Արմանին կասկածելով: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, Արման Հակոբյանի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են արյունազեղումներ, որոնք կարող էին առաջանել բութ գործիքների հարվածներից: Դրանք հասցվել են մահվանից 12-24 ժամվա ընթացքում: 2008 թ.-ին որոշում է կայացվել նույն զորամասի 3 շարքայինների նկատմամբ հետախուզում հայտարարելու և ՔՕ 359 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նրանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Սակայն հայտնաբերվել է զինվորներից մեկը, ով նշել է, որ դեպքի հետ կապված մանրամասներ աղոտ է հիշում (անցել էր 8 տարի): Մեղադրյալ նախկին շարքայինը միջնորդել է իր դեմ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ: Գործն այս մասով կարճվել է: Իսկ մեկ տարի անց, 2009 թ-ին գործով վարույթը դարձյալ կասեցվել է նույն հիմքով, ինչ առաջին անգամ՝ հանցագործություն կատարած անձանց անհայտ լինելու հիմքով: Սակայն Վարդան Հակոբյանը նորից չի հանգստացել, շարունակել է դիմումներ, բողոքներ գրել տարբեր ատյաններ, որպեսզի նախքաննությունը վերսկսվի, քանի որ վստահ է, որ որդուն սպանել են դիտավորյալ ու թաքցրել հետքերը: Որդեկորույս հայրը այս համոզմանն է եկել գործով փաստերը համադրելով: ((շարունակությունը սկզբնաղբյուրում http://hetq.am/arm/news/54832/14-tarva-vaxemutyan-qreakan-gortsy-kasecumic-hanvel-e.html)
Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|