22:18
Հունիսմեկյան անակնկալներ՝ գյումրեցի անապահով ընտանիքների երեխաներին

Լույս, ծիծաղ, ուրախություն ու անկեղծություն. այն հատկանիշներն են, որոնցով բնութագրվում են աշխարհի բոլոր երեխաները, իսկ հունիսմեկյան տոնն այս ամենի արտացոլումն է՝ ավելի ընդգծված ու գունեղ երանգներով: Ամենուր մանկական ուրախ միջոցառումները, տոնական տրամադրությունը, գունագեղ փուչիկները տոնի անբաժանելի մասն են՝ հանուն  երեխաների գոհունակ ու անհոգ ժպիտների:

Հանրապետության երկրորդ քաղաքում հունիսմեկյան ոգեւորությունը, տոնական մթնոլորտը կգերիշխի ամենուր, իսկ գյումրեցի անապահով մի քանի ընտանիքների երեախաների համար տոնն առավել հատկանշական կդառնա: Ճանաչված երգիչ, երգահան Հայկոն Երեւանի Չայկովսկու անվան վոկալ-էստրադայի ստուդիայի սաների ու Գյումրու «Էսկադա» պարային խմբի մասնակցությամբ բարեգործական համերգով հանդես կգա: Գյումրու «Բարեկամ» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված համերգի հասույթով իրագործվելու են անապահով ընտանիքների երեխաների ամենատարբեր ցանկությունները: Համերգին ելույթ են ունենալու նաեւ երգարվեստի մյուս ներկայացուցիչները, իսկ երեկոն վարելու է Գրիշա Աղախանյանը:

-Այսինքն, եթե մի երեխա ուզում է դառնալ նկարիչ, մենք իրեն կպահովենք այդ նկարչական պարագաներով, օրինակ, երեխաներից մեկն ասել էր. «Ուզում եմ ընկերներիս հետ ես էլ բուֆետ գնամ», մենք էլ պայմանավորվել ենք այդ դպրոցի տնօրինության հետ, որ այդ երեխան ցանկացած պահի գնա եւ վերցնի այն, ինչ ուզում է: Մոտավորապես այսպես ենք նախատեսել օգնել,- մանրամասնում է Հայկ Հակոբյանը՝ Հայկոն:- Շատ բարի ու հետաքրքիր գործ է, ամեն ինչից բացի, կլինի նաեւ գեղեցիկ համերգ: Ես խնդրել եմ, որ ինձ հետ գան նաեւ «Հայաստանի ձայնը» նախագծի իմ թիմի անդամները՝ Լուսինեն, Վիգենը, Արմենը, Նարեն: Որպես երգիչ՝  ես էլ, անպայման, ելույթ կունենամ: Իսկ համերգը կլինի շատ գեղեցիկ ու շատ հետաքրքիր:

Նշենք, որ Հայկոն բարեգործական համերգով արդեն 2-րդ անգամ է Գյումրիում: Անցած տարի համերգը կայացավ արվեստների ակադեմիայի դահլիճում, որ համախմբվել էին Գյումրու բոլոր մանկատների սաները. «Ինձ թվում է՝ նախաձեռնությունը շատ գեղեցիկ է, եւ մենք մեր այս քայլով կոգեւորենք նաեւ մյուս մարդկանց, որպեսզի իրար նկատմամբ ուշադիր լինեն եւ լավ բաներ անեն, մանավանդ մեր սիրելի Գյումրու համար»,- ավելացնում է երգիչը:

Ծրագրի նախաձեռնող, Գյումրու դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը նկատում է՝ ուրախացնողն այն է, որ անապահով ընտանիքների երեխաների ցանկություններն ավելի շատ արվեստի հետ են առնչվում.«Մենք վերցրեցինք այն ամենակարեւոր ցանկությունները, որոնք ոչ միայն ժամանցային են, այլեւ հետագայում կարող ենք նրանց պետք գալ մասնագիտական կրթություն ստանալու համար: Համերգով մի շարք ցանկություններ կիրականացվեն՝ սկսած դաշնամուր գնելուց՝ վերջացրած 5000 դրամանոց հեծանիվ գնելով»:

Թե նախաձեռնությունը քանի ընտանիքի երեխայի կերջանկացնի իր երազանքների կատարմամբ, կազմակերպիչները դեռեւս չգիտեն, ամեն ինչ կհստակեցվի տոմսերի վաճառքից ու լրացված ցանկությունների բոլոր թերթիկները ուսումնասիրելուց հետո, պարզ է միայն, որ առաջնություն տալու են առավել կարեւոր խնդիրներին.«Արդեն իսկ մի քանի բաներ գնված են, կան նվերներ, որոնք անձամբ Հայկոն կհանձնի՝ նույն դաշնամուրը, երաժշտական գործիքները: Մի քանի գործարարներ եւս միացել են, ինչի համար շնորհակալ ենք: Այդ ընտանիքիներն ապրում են շատ ծանր սոցիալական պայմաններում, բայց այդ երեխաների մեջ այնքան լույս կա, վաղվա օրվա հանդեպ այնքան լավատեսություն կա, որ չեմ ուզում մեր ապագա նկարիչները, երաժիշտները,  դերասաններն ու գիտնականներն իրենց  մտքի ուժը կորցնեն այդ տնակների մեջ: Մենք դրա համար պատասխանատու ենք, ու սա բոլորիս խնդիրն է»,- ավելացնում է  Տիգրան Վիրաբյանը:

Նյութը՝ asparez.am -ից

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 327 | Աղբյուր՝ Asparez.am | -Ավելացվել է՝ 31.05.2014/22:18
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն