Lragir.am-ը գրում է.
Հայաստանի գազատրանսպորտային համակարգն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժոովը հրապարակել է ընթացիկ, հատկանշական եզրակացություններ: Առաջին հերթին, հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարել է, որ Հայռուսգազարդը, 12 % մաքուր շահույթ ստանալով, Հայաստանի կառավարությանը, որին պատկանում էր բաժնետոմսերի 20%-ը, վերջին 5 տարում շահաբաժին չի վճարել: Երկրորդ, Այվազյանն ասել է, որ այժմ քննարկվում է Իրանից ու Միջին Ասիայից գազ գնելու հնարավորությունը: Նրա խոսքով, հանձնաժողովի աշխատանքային խմբերից մեկը գազի այլընտրանքային մատակարարման հնարավորություններ է փնտրում: Խոսքը Գազպրոմի խողովակներով կամ էլ Իրանով կենտրոնասիական գազի մատակարարման մասին է:
«Ի վերջո, քննարկվում է իրանական գազի ծավալների ընդլայնման հնարավորությունը»,- ասել է Այվազյանը: Հանձնաժողովը քննարկում է նաև Հայաստանի տրանզիտ պոտենցիալը: Սա շատ էական հայտարարություն է: Նա խնդրել է մինչև տարեվերջ երկարաձգել հանձնաժողովի լիազորությունները: Երևի որոշվել է ակտուալացնել գազային հարցը և օգտագործել որպես առևտրի առարկա:
Այվազյանի հայտարարությունները դարձան Երևանից առաջին զանգը Գազպրոմին, որը մինչ այժմ լուռումունջ քողարկում էր Գազպրոմի «չարաճճիությունները»: Գազպրոմը, Հայաստանում դիմադրության չհանդիպելով, սեղմում է օղակը: Հավանաբար Գազպրոմը կրկին առաջարկել է բարձրացնել գազի սակագինը: Հուլիսի 1-ից Ռուսաստանում կբարձրանան գազի ներքին գները, իսկ Հայաստանի գները, պայմանագրի համաձայն, փոխկապակցված են Ռուսաստանին ներքին սակագներին:
Բացի այդ, Գազպրոմը կտրականապես արգելում է Հայաստանին գազ գնել երրորդ երկրներից նույնիսկ այն ոչ մեծ ծավալներով, որը գալիս է Իրանից: Ըստ ամենայնի, Հայաստանի ղեկավարությունն այժմ փորձում է «կոմպրոմատ» գտնել Գազպրոմի վրա՝ մեղադրելով ընկերությանը դիվիդենտներ չվճարելու մեջ և հայտարարելով գազի այլընտրանքային մատակարարման հնարավորություններն ուսումնասիրելու մասին:
Հայաստանի ղեկավարության համար սա համարձակ քայլ է, եւ հարց է առաջանում՝ Հանձնաժողովը կարո՞ղ է Գազպրոմի դեմ Արբիտրաժային դատարան հայց ներկայացնել և հետ պահանջել 20 %-ը, կարո՞ղ է հասնել գազի պայմանագրի վերանայման, որը Հայաստանին արգելում է ոչ ռուսական գազ գնել:
Հայաստանը պայմանագրով պարտավորվել է Ռուսաստանից 2.5 միլիարդ խ/մ գազ գնել: Սակայն Հայաստանը 1.7 միլիարդ խ/մ-ից ավելի չի կարող սպառել, եթե անգամ փակվեն ատոմակայանը և բոլոր ՀԷԿ-երը: Չօգտագործած 0.8 միլիարդ խ/մ-ի համար հարկ է լինելու տարեվերջին վճարել: Հանձնաժողովը կարծես թե դրա դեմ է «փաստեր» պատրաստում:
Արման٠Հարությունյան, ArmLur.ru |