ԱԺ միլիոնատեր փոխնախագահը 2013 թ. նոր բնակարան է գնել
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շարունակում է համալրել իր ունեցվածքը: Մինչ “Նորաշեն-2007” սպառողական կոոպերատիվի կողմից խաբված բնակիչներն այս փուլում դատարանում պայքարում են Հերմինե Նաղդալյանից և նրա ամուսնուց իրենց բնակարաններն ստանալու համար, ԱԺ փոխնախագահը 2013 թվականին նոր բնակարան է գնել:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ 2013 թվականին Հերմինե Նաղդալյանը գնել է մեկ բնակարան՝ 46 մլն 035 հազար դրամով և երկու ոչ բնակելի տարածք՝ յուրաքանչյուրը 6 մլն 120 հազար դրամով:
Հայտարարագրի համաձայն՝ Հերմինե Նաղդալյանի նախորդ տարվա եկամուտը կազմել է 379 մլն 641 հազար 210 դրամ: Որպես եկամտի աղբյուր նշված են աշխատավարձն ու շահաբաժինը: 2013-ի սկզբին Նաղդալյանի դրամական միջոցները դոլարով կազմել են 10 հազար դոլար, իսկ դրամով՝ 50 մլն դրամ, տարեվերջին 45 մլն դրամ և 20 հազար դոլար:
Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Արտաշատի հարկային տեսչության նախկին պետ Դավիթ Բեգլարյանը, 2013 թվականին, պաշտոնական հայտարարագրի համաձայն, ձեռք է բե8ել 11 մլն 250 հազար դրամանոց բաժնետոմս, ունեցել է 6 մլն դրամ դրամական միջոցներ և 1 մլն 384 հազար դրամ եկամուտ:
Հիշեցնենք, որ “Նորաշեն-2007” սպառողական կոոպերատիվից տուժած բնակիչները տևական ժամանակ է՝ պայքարում են իրենց բնակարաններն ստանալու համար: Երևանի Գևորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով “Նորաշեն-2007” սպառողական կոոպերատիվի ղեկավարությունը դեռևս 2007 թվականին գումարներ էր հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից:
Սակայն կանգնելով ֆինանսական խնդիրների առաջ` կառուցապատող ընկերության ղեկավարներն սկսել էին կիսակառույց բնակարանները գրավ դնելով՝ տոկոսով գումարներ վերցնել տարբեր անձանցից` շենքի շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Ըստ բնակիչների՝ բնակարաններից 14-ը գրավադրվել էին Հերմինե Նաղդալյանի ու նրա ամուսնու մոտ: Բնակիչների բարձրացրած աղմուկի արդյունքում Նաղդալյանն ու ամուսինը բնակարանների մի մասը վերադարձրել են իրական տերերին, սակայն որոշ բնակարաններ շարունակում են նրանց մոտ մնալ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Վանաձորի մանկատանը գտնվող 4-ամյա աղջնակի առուվաճառքի փորձի վերաբերյալ գործի դատական քննությունը: