iravunk.com-ը գրում է.
Օրեր առաջ ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվեցին Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Այսօր զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Թե ինչու դիվանագիտական քայլերով չկարողացանք հասնել նրան, որ Ադրբեջանն ինքնակամ վերադարձներ մեր օդաչուների աճյունները, հատկապես որ կային միջազգային կառույցների միջնորդություններ, «Իրավունքը» պարզեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ.
-Շատ ակնհայտ է` Ադրբեջանի (արդեն նույնիսկ դժվարանում եմ ձեւակերպում գտնել), կարելի է ասել, դեստրուկտիվ քաղաքականության պատճառով: Այսինքն` սա այն դեպքն է, որ ուղղակի ակնհայտ էր, որ եթե կար Կարմիր խաչ, եռանախագահներ, միջնորդներ` չկարողացան դա իրականացնել, ապա, բնական է, որ հայկական կողմերից մեկը` Լեռնային Ղարաբաղը, պետք է ինքնուրույն գործեր ու լուծեր խնդիրը:
- Ըստ Ձեզ, հայկական կողմի իրականացրած փայլուն օպերացիայից հետո, ինչպիսի՞ իրավիճակում հայտնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
- Դա արդեն իր խնդիրն է, կարծում եմ` Ալիեւը երբեք չի եղել նախանձելի իրավիճակում ու հիմա էլ նախանձելի իրավիճակում չէ:
- Պարոն Քոչարյան, ըստ էության, մեկ ուղղաթիռ խոցելով` Ադրբեջանը ռազմական նպատակներ չէր հետապնդում, իսկ քաղաքական առումով, ասենք, ընդդեմ ՀՀ ԵՏՄ անդամակցման, ո՞րն էր հայկական ուղղաթիռ ոչնչացնելու ադրբեջանական շահը:
- Ադրբեջանը միշտ էլ այդպես անտրամաբանական է գործել: Այնպես որ, պետք չէ կապել ինչ-որ քաղաքական գործընթացի հետ: Երբ Ռամիլ Սաֆարովը իր անմարդկային արարքը կատարեց (կացնահարել է հայ սպային-խմբ.), խնդիրն այն չէր, որ ինչ-որ քաղաքական վնաս հասցնի, այլ, ցավոք սրտի, դա նրանց էությունն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Նարե, ArmLur.ru |