12:57
Այսօր Աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան օրն է

Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբական այբուբենը։ 12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն: Երգն ու երաժշտությունը նրան հմայել են ղեռ վաղ տարիքից։ Մինչ երեսուն տարեկանը, կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ: Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սբ. Կարապետի վանքը` Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա` երգի որսորդ: Մեզ է հասել նրա ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու` Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերացրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Նրա հայտնի ամենավաղ թվակիր խաղը` «Ծովեն ելած թանգ մարքարիտ ու մարջան...», վերաբերում է 1742թ-ին։ Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղարշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով, ըստ էության, նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ` հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ 1759թ., Հերակլ 2-րդի հարկադրանքով, քահանա է ձեռնադրվել` Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Էնզելի նավահանգիստ։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1760թ.)։ Թե երբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766թ. ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում (եղել է քահանա), որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր` Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու (երկու ձեռագրերն էլ պահվում են Երևանի Մատենադարանում)։ 1768թ. մահացել է կինը` Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակներին (Հովհաննես, Մելքիսեթ, Սառա և Մարիամ) հոր խնամության տակ, որից հետո Սայաթ-Նովա-Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում: 1778թ-ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սբ. Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ Աղա-Մահմադ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է: Թաղված է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցու բակում։ Մոլորակագիտության միջազգային միության պատվավոր պրեզիդենտ Գ.Կատերֆելդի առաջարկությամբ` 1976թ. Սայաթ-Նովայի անունով է կոչվել Մերկուրիի խառնարաններից մեկը:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 367 | | -Ավելացվել է՝ 14.06.2014/12:57
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն