08:39
Երկրորդ զավակին կհանձնեն հողին

2012 թվականի  դեկտեմբերի 24-ին Երեւանի Ջրաշեն թաղամաս բերվեց 18-ամյա Նորայր Սահակյանի դին։ Ընդամենը օրեր առաջ նա բժշկական հանձնաժողովի կողմից առողջ էր ճանաչվել եւ դեկտեմբերի 21-ին կանչվել էր Երևանի զինվորական հավաքակայան: Այստեղ նրան մյուս զորակոչիկների նման պատվաստումներ էին արել եւ տեղափոխել Սիսիանի զորամաս, որտեղից պետք է տեղափոխեին Խոջալույի հավաքակայան: Արդեն Սիսանից-Խոջալու ճանապարհին նրա ջերմությունը բարձրանում է։ 

 

Դեկտեմբերի 22-ին նրան տեղափոխում են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ նա   մահանում է։ Բժիշկները հետագայում հայտարարեցին, որ նա դեղորայքային ալերգիկ ռեակցիայի արդյունքում է մահացել, թեեւ ծնողները կտրականապես ժխտում էին տղայի մոտ որեւէ ալեգիայի, դեղորայքի հետ կապված ռեակցիաների հանգամանքը եւ կարծում են, որ բժիշկների մեղքով է տեղի ունեցել ողբերգությունը: Զինվորի մահը ցնցել էր բոլորին՝ վերջինս բանակ էր զորակոչվել բոլորովին առողջ։ Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ են զգացել տղայի ծնողները՝ բանակ ուղարկելուց ընդամենը 2 օր անց որդու դիակը ստանալով: Բայց դժբախտություններն այս ընտանիքի կյանքում սրանով չավարտվեցին: 

Այսօր Սահակյանների ընտանիքը հողին է հանձնելու Նորայր Սահակյանի  եղբոր՝ 17- ամյա Արտյոմ Սահակյանի դին։
 
Ողջ Ջրաշեն թաղամասը սգի մեջ է, հուղարկավորությանը մասնակցելու ժամանած հարեւանենրը սեւազգեստ են ու ցնցված։ Մեր լրագրողն այնպիսի տպավորություն է ստացել, կարծես Ջրաշենցիները «Եղեռնի» օրվա առիթով պատրաստվում են Ծիծեռնակաբերդ բարձրանալ, բայց այս դեպքում փողոցով շարժվում են դեպի Սահակյանների տուն։
 
Ինչպես է տեղի ունեցել դեպքը. Ավարտական դասաանում սովորող տղան ընկել է երկրորդ հարկից՝ շինարարության ժամանակ և մեկ շաբաթ վերակենդանացման բաժանմունքում, այդպես էլ ուշքի չգալով՝ կիրակի օրը կեսգիշերին մահացել է։
 
«Ողջ թաղամասը սգի մեջ է, չգիտենք ում մեղադրենք, ախր ինչու պետք է նման բան լինի»,-մեզ հետ զրույցում վշտացած պատմում էին թաղի բնակիչները։
 
Մեր տեղեկություններով, տղան պետք է մասնակցեր վերջին զանգի միջոցառմանը՝ այդ պատճառով որոշել էր գումար աշխատել։ Քեռու մոտ էր աշխատում՝ շինարարության վրա, երկրորդ հարկից ցատկել է ներքեւ՝ չիմանալով, որ տակը բետոնապատ չէ և գլխի վրա ընկնելով վնասել է գլխուղեղը և մարմնի այլ հատվածներում ստացել սալջարդեր։ Ստացած վնասվածքներն այնքան ծանր են եղել, որ մահվան պատճառ են դարձել:
 
Թաղեցիներից նաև պարզեցինք, որ Սահակյանները վարձով են բնակվում, տուն չունենալու պատճառով Ջրաշենի մի փողոցից՝ մյուս փողոցն են տեղափոխվել։ Երկու որդիներին կորցրած բազմազավակ ընտանիքում (հինգ զավակներից այժմ երեքն են մնացել)՝ միայն հայրն է աշխատում եւ ծայրը ծայրին հազիվ են հասցնում, բայց զավակներին աշխատում են ոչնչից չզրկել։ Առաջնեկի մահվանից հետո վշտակորույս մայրը նորից է երեխա ունեցել՝ այժմ փոքրիկը 6 ամսական է:
 
Արտյոմը առաջինն էր տվել վերջին զանգի համար հավաքվող գումարը, բայց որոշել էր ձեռքի ծախսի գումար աշխատել, ակտիվ փորձերի էր մասնակցում: Դպրոցում մեծ միջոցառում էին ծրագրել վերջին զանգի կապակցությամբ։ Նա դասարանի ու թաղի սիրելին էր, աղջիկների պաշտամունքի առարկան: Համադասարանցիները ոչ մի կերպ չեն հաշտվում այս անարդար ու անսպասելի մահվան հետ:
 
Իսկ թաղմասում երեկ տղայի անունով սև ժապավեն էին փակցնում եւ պատրաստվում էին հրաժեշտ տալ պատանուն։

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 798 | Աղբյուր՝ Hraparak.am | -Ավելացվել է՝ 21.05.2014/08:39
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն