18:24
Հայկ Չոմոյան.“Կարապի լճի մոտ մի աղջիկ ինձ գրկեց, փաթաթվեց”

BRAVO.am-ը, շարունակելով ներկայացնել այս շրջանում սերիալներում զբաղված դերասաններին,  անկեղծ զրույց է ունեցել հարցազրույցներից եւ աղմկոտ վայրերից խուսափող Հայկ Չոմոյանի հետ, որը “Հարազատ թշնամի” սերիալում մարմնավորում է Ֆրիկի կերպարը: 

Արտիստ դառնալու ճանապարհի առաջին քայլերս արել եմ դպրոցում` մասնակցելով կազմակերպվող բոլոր միջոցառումներին: Հետագայում հաճախել եմ թատերական խմբակներ, “Արդինի” ստուդիա` զուգահեռ նկարահանվելով “Եռաֆազ” երգիծական ֆիլմաշարում:

Բացահայտելով երգելու շնորհս` ընդունվել եմ Երգի թատրոնի վոկալի բաժին, որտեղ դասավանդել է նաեւ Նաիրա Գյուրջինյանը: Կրթությունս շարունակել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Երկու տարի սովորելուց հետո դասախոսներիցս տիկին Ծատուրյանը խորհուրդ տվեց ընդունվել Թատերական ինստիտուտ, բայց քանի որ կրթությունս տասնամյա չէր, չէի կարող դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն եւ դարձա “Հայֆիլմ”-ի սան: Կինոդերասանի ստուդիան մասնագիտական առումով շատ բան է տվել ինձ: 

Եկավ մի պահ, երբ պետք է ընտրություն կատարեի երգարվեստի եւ թատերարվեստի միջեւ: Դերասանությունն ինձ համար դարձավ առաջնային: 

Մինչեւ սերիալներում նկարահանվելը, խաղացել եմ տարբեր ներկայացումներում: 2008 թ-ն Կարինե Խոդիկյանի “Երկուսով, բայց միայնակ” պիեսի հիման վրա բեմադրությամբ մասնակցել եմ “Մեկ քառակուսի մետր” փառատոնին: Ներկայացումն ընդգրկվեց լավագույնների շարքում: Հետագայում զբաղված եմ եղել “Հնարամիտ կանանց արարքները” ներկայացման մեջ:

Բեմն ինձ համար անծայրածիր է:  Այն տալիս է դրսեւորվելու ազատություն:  Անբացատրելի ուրախություն եմ ապրում հատկապես ներկայացման ավարտին հնչող ծափերից: Համոզված եմ, որ դարձյալ բեմում կլինեմ: 

“Որբեր”-ով է սկսվել սերիալային գործունեությունս:  Մինչեւ “Հարազատ թշնամի”-ն, նկարահանվել եմ նաեւ “Աննա” եւ “Եզրագծից այն կողմ” սերիալներում:

“Ես եմ” գեղարվեստական ֆիլմում ինձ վստահվեց էպիզոդիկ դեր:  Շատ էի ուրախացել. աշխատանքային բոլորովին այլ գործընթաց էր: Ուրախությունս, սակայն, երկար չտեւեց, որովհետեւ իմ մասնակցությամբ դրվագը հանվեց: Այժմ անհամբեր սպասում եմ գեղարվեստական ֆիլմում հանդես գալու առաջարկի: 

Սերիալներին ուղղված քննադատություններին ուշադրություն չեմ դարձնում: Ինձ համար առաջնային է իմ կարծիքը դերասանական խաղիս մասին: Փորձառու եւ ավագ գործընկերներից  աշխատում եմ “գողանալ” մասնագիտական շատ նրբություններ:

Մեծ պատիվ է խաղալ Արտաշես Ալեքսանյանի հետ:

Շատերն ասում են, որ նման եմ Ֆրիկին:  Կարծում եմ` այդ նմանությունը միայն տեսողական է: Չեմ ցանկանում նմանվել որեւէ հերոսի, սակայն երբեմն, անկախ ինձնից, էկրանի հակառակ կողմում էլ խոսում եմ նրա ձայնով եւ ժեստերով:

Կարեւորագույն հաղթանակ կհամարեմ, երբ որեւէ թատրոնում ներկայացման վերջում գեղարվեստական ղեկավարը մոտենա ինձ ու խաղիս վերաբերյալ գովեստի խոսքեր ասի:

Առօրյայում նախընտրում եմ սպորտային հագուստ: Ժամանակին տարբեր մարզաձեւերով եմ զբաղվել` լող, կարատե: 

Աղմկոտ վայրերի սիրահար չեմ, ակումբներում գրեթե չեմ լինում: Ազատ ժամանակս վայելում եմ ընկերներիս հետ: Նրանք հաճախ խաղում են հոգուս հետ` ասելով, որ “աստղայինն” ինձ էլ է տարել: Շփվող եմ, գոռոզ չեմ… Ուզում եմ հասկանալ, թե “աստղայինն” ինչպես է տանում:):

Վերջերս Կարապի լճի մոտ մի աղջիկ մոտեցավ, գրկեց, փաթաթվեց: Երեւի երկրպագու էր (ծիծաղում է- հեղ.): Զարմացել էի: Երբեք կուռքեր չեմ ունեցել, բայց շարունակում եմ հիանալ մեր մեծերի վարպետությամբ: 

Ընկերոջս` Արսեն Լեւոնյանին, հաճախ խնդրում եմ, որ իր պապիկի` Խորեն Աբրահամյանի մասին պատմություններ պատմի:  Չեմ փորձում նմանվել մեր թատրոնի մեծերին այն պարզ պատճառով, որ չեմ կարող:
 
Հարցազրույցներից հաճախ հրաժարվում եմ: Կարծում եմ` ավելի հետաքրքիր ասելիք ունեցողներ կան: 

Ընկերուհի չունեմ:  Դեռ չեմ հանդիպել նրան, ում կցանկանայի սիրել ողջ կյանում:

Միակը, ով կհայտնվի կողքիս, պետք է կարողանա սիրել ինձ այնքան, ինչքան ես կսիրեմ իրեն: Այն երիտասարդներից չեմ, ովքեր խուսափում են ցույց տալ իրենց զգացմունքները: Երբ հանդիպեմ նրան, պատրաստ եմ անդադար սերենադներ նվիրել, մինչեւ ինքը խնդրի, որ չերգեմ:):

Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը կհամարեմ ընտանիքս, երեխաներս:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 597 | Աղբյուր՝ Bravo.am | -Ավելացվել է՝ 01.05.2014/18:24
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն