
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Տամուկ թիթեղյա տնակը Գյումրու բնակիչ 1981 թ-ին ծնված Զոհրապ Ատաշյանի միակ հարստությունն է ու 13 տարիների ձեռքբերումը, որին հասել է մեծ դժվարությամբ: Նա արդեն 13 տարի է ամուսնացած է, ունի 3 երեխա: Երկար ժամանակ ապրել է, ինչպես ինքն էր նշում, «թափառականի կյանքով», իր ընտանիքի հետ միասին: Այդ իսկ պատճառով փոքրիկ տնակում մեզ հյուրընկալելուց նկատեցինք անասելի հպարտություն: Սեփական կտուրի տակ հյուրեր ընդունողի վստահությամբ ներս հրավիրեց՝ ասելով «ոտներդ խերով, բարով եկաք» եւ անմիջապես աթոռ առաջարկեց: Զոհրապը ամուսնանալուց հետո տարիներ շարունակ վարձով է ապրել: «Հիմա որ երեխաներս փորձեն հիշել իրենց հայրական տունը, դա չկա, իրանք հայրական տուն չեն ունեցել, դրանք տարբեր տներ են եղել, որոնք մերը չեն, մերը այս տնակն է, իմ միակ ձեռքբերումը, ու շնորհակալ եմ Աստծուց նաեւ սրա համար»: Զոհրապը Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնում ընդունվել է աշխատանքի որպես բարձող բանվոր՝ ամսական վաստակելով 75.000 դրամ: Ըստ նրա՝ այս աշխատավարձով էլ հնարավորություն է տրվել նրան վարկային միջոցներով տնակ ձեռք բերել: «Բայց երկու էրնեկ մեզպեսների համար չի լինում, նպաստս կտրեցին, պատճառաբանում են, որ ես բարձր աշխատավարձ եմ ստանում, ու հիմա չգիտեմ՝ էդ փողով տնակիս վարկը փակեմ, հացով ապահովեմ երեխաներիս, հագուստ գնեմ, թե կոմունալ վարձերը տամ»,- իր վիճակն է նկարագրում երիտասարդ ընտանիքի հոգսաշատ հայրը: Ըստ նրա՝ երեխաները դպրոցում բարձր առաջադիմություն ունեն, բայց ֆինանսական վիճակը խոչընդոտում է նրանց միջավայր դուրս գալու եւ անկաշկանդ շփվելու համար: «Մեծ որդիս՝ Հրաչյան, եւ միջնեկը՝ Ալբերտ Ատաշյանները, սովորում են Գյումրու թիվ 19 դպրոցում ու լավ են սովորում, երեխաներս ուսման հետ լավ են, Հրաչը ապրում է հորս եւ մորս հետ, նրան տատիկն ու պապիկն են խնամում, իսկ Ալբերտին ես եմ տանում դասի, բայց երբեմն տղաս չի ցանկանում գնալ դասի, վերջերս եմ պարզել, որ տղայիս հետ դասարանում խուսափում են դասընկերները շփվել՝ ասելով, որ քո շորերը հնամաշ են, կամ զզվում են իրանից»: Զոհրապի հետ զրույցի ժամանակ նկատեցինք, թե ինչպես փոքրիկ Ալբերտը հորը նայում էր խեթ-խեթ հայացքով ու նեղացած. «Իմ դասատուն ինձ ասում է, որ ես կամպյուտրից լավ եմ ու ծրագրավորող եմ դառնալու»,- ընդմիջեց հոր խոսքը Ալբերտը: «Դասի շատ չեմ գնում, բայց զատո տանը պարապում եմ»,- ասաց նա ու փախավ սենյակից: Իսկ փոքրիկ Աբրահամը Ատաշյանների ընտանիքի ամենակրտսերն էր՝ 6 տարեկան: «Այս տարի դպրոցական տարիքի է, սակայն դժվար թե կարողանանք դպրոց ճամփել: Վարկային այս գործարքի պատճառով կուտակվել են խանութներում պարտքեր, որոնք պետք է անպայման վճարել, որ կարողանամ էլի սնունդ վերցնել, այլապես էլի կմնանք սոված, շատ եմ չարչարվում, շատ եմ աշխատում, բայց չեմ հասցնում ոչ դպրոցին, ոչ երեխեքիս նորմալ հագուստին, ոչ էլ սննդին: Չգիտեմ ինչ անեմ: Ուզում եմ գոնե կարողանամ տնակիս տարածքը սեփականաշնորհեմ, գոնե տնակս իմ անունով գրանցեմ, այն դեռ նախկին բնակչի անունով է գրանցված, դեռ նրան էլ ունեմ պարտքեր, ամեն ամիս տանում տալիս եմ գումարից ինչ-որ մաս, համապատասխան թուղթ եմ վերցնում, որը ենթադրում է վճարածս գումարի անդորրագիր, ինչ անեմ, այսպես եմ կարողանում տանիքիս հարցը կարգավորեմ: Աստված մեծ է, մի օր անպայման մի բան կսարքեմ այս տնակի տեղում, գոնե կարողանամ տարածքը սեփականաշնորհել, բայց դրա համար էլ մեծ գումարներ են պետք, որոնք չունեմ: Եթե այդ գործընթացը սկսեմ ձեռնարկել, ուրեմն մի երկու կոպեկ էլի տուն եմ բերում, դա էլ չեմ կարողանա բերել»: Մեր խոսքը ընդմիջեց տնակի դռան ուժգին թակոցը: Հեռու հարեւաններից էին, եկել էին Զոհրապի հետեւից եւ կանչում էին աշխատանքի: «Ձեռքի հետ մշակություն եմ անում, աղբ եմ թափում, բակ եմ մաքրում եւ նման բաներ, ժամանակս էլ չի հերիքում»,- արդարանում է Զոհրապն ու ոտքի կանգնում: Մենք էլ արագ-արագ բարձրանում ենք, որ չխանգարենք Զոհրապին: Վերջում Զոհրապը չի մոռանում իր հպարտությունների մասին. «Դժվար եմ ապրել, մեծացել, դժվար եմ ապրում ու երեխա պահում, բայց զատո հպարտ եմ, իմ հայրենիքին երեք զինվոր եմ պարգեւում: Իմ հարստությունն այս տնակն ու մեկ էլ ոսկի զավակներս են»,- ասում է Զոհրապն ու գնում օրվա հացը վաստակելու: Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|