11:20
Ինչո՞ւ են հայերը նախընտրում առանց դեղի «յոլա գնալ».
Հայերը նախընտրում են «յոլա գնալ» առանց դեղի եւ դրանք ընդունում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այսպիսին են NEWS.am Medicine կայքում անցկացված հարցման արդյուքները: Ընդ որում՝ ինչպես ցույց են տվել մեր նախորդ հարցման արդյունքները, մեր երկրի բնակիչները նաեւ նախընտրում են հնարավորինս քիչ շփվել բժիշկների հետ:

Կայքի 1194 ընթերցողներից, որոնք պատասխանել են  «Ինչքա՞ն հաճախ եք դեղ խմում» հարցին, 48%-ը կամ 583 մարդ պատասխանել է, որ նախընտրում է դեղ չխմել: Անհրաժեշտության դեպքում եւ բժշկի նշանակմամբ դեղ խմում է հարցվածների 35%-ը (427 հոգի), իսկ ամեն փոքր թուլության դեպքում անմիջապես դեղ է խմում 16% (193 մարդ):

Ո՞րն է այսպիսի ընտրության պատճառը՝ ընդհանրապես անվստահությունը դեղերի որակի հարցում, դեղերի բարձր գինը կամ անտարբերո վերաբերմունքը սեփական առողջության նկատմամբ։ Այս հարցը մենք խնդրել ենք մեկնաբանել Երեւանի գլխավոր թերապեւտ Կարինե Հովհաննիսյանին:

Թերապեւտի կարծիքով՝ հայերն իսկապես անուշադիր են սեփական առողջության նկատմամբ եւ, որպես կանոն, իրենց խնդիրներին շատ ուշ են ուշադրություն դարձնում:

Հաջորդ պատճառը, որ հայերը նախընտրում են դեղ չխմել, դեղերի թանկությունն է: Թերապեւտը համամիտ է այս կարծիքին. «Շատ հիվանդներ կան, որոնք դեղի կարիք ունեն, բայց նրանք գումար չունեն: Բայց կան նաեւ այդ դեղերի ավելի էժան տարբերակները. կարելի է դրանք փորձել»,- ասաց Կարինե Հովհաննիսյանը: Մյուս կողմից՝ եթե մարդը հասկանում է, որ շատ հիվանդ է, եւ իր կյանքն այդ դեղից է կախված, սովորաբար այն ձեռք բերելու միջոց գտնում է: Բայց դրա հետ մեկտեղ, վատ բան չկա նրանում, որ մարդկանց մեծ մասը նախընտրում է առանց լուրջ պատճառի դեղ չխմել: Թերապեւտը նշեց, որ հարեւանների, հորաքրոջ կամ հորեղբոր խորհրդով դեղ խմելն անմտություն է եւ կարող է ունենալ մի շարք հետեւանքեր, որոնք կբարդացնեն եւ հիվանդի, եւ բժշկի կյանքը, ով հետո պետք է բուժի տվյալ հիվանդին:

Մեր օրերում տարածված են գրիպի վիրուսները, բայց գրիպով հիվանդ մարդիկ չպետք է հակաբիոտիկներ ընդունեն. դրանք ոչ մի կերպ չեն ազդում վիրուսի վրա: Սակայն եթե գրիպը բարդություններ առաջացնի, (օրինակ՝ թոքերի բորբոքում, մենինգիտ, հայմորիտ եւ այլն), արդեն անհրաժեշտ կլինի դեղ խմել, նշեց Կարինե Հովհաննիսյանը:

Իսկ եթե մարդը լուրջ հիվանդ է, նա անպայման պետք է դեղ խմի, կարծում է Երեւանի գլխավոր թերապեւտը: «Նման դեպքերում պետք է անպայման բժշկի դիմել եւ խմել նրա նշանակած դեղերը»,- ասաց նա:

News.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 401 | | -Ավելացվել է՝ 13.03.2014/11:20
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն