Գիտնականների հավաստմամբ, կարելի է խուսափել տարիքին զուգահեռ կոգնիտիվ ունակությունների անկումից, եթե գործունեության այնպիսի նոր ոլորտներ մեզ համար ընտրենք, որոնք թույլ կտան փոխել մեր կենսաձեւը: Նոր հետաքրքրություններն ու զբաղմունքներն օգնում են պահպանել մտքի սրությունը, վկայում են ամերիկացի գիտնականները: Ընդ որում, խոսքը մտավոր ակտիվություն ենթադրող ոչ բոլոր զբաղմունքների մասին է: Կարեւոր է մտավոր, սոցիալական եւ հոգեբանական խթանումը: Էական է, այսպես կոչված «հարմարավետության գոտուց» դուրս գալը, նշում են Տեխասի համալսարանի մասնագետները: Այդ է վկայում 60 – 90 տարեկան 221 կամավորների մասնակցությամբ իրականացված փորձը: Փորձի ընթացքում մասնակիցները բաժանվել են երեք խմբի:
Առաջին խումբը եռամսյա դասընթաց է անցել, որի ընթացում նոր հմտություններ է ձեռք բերել` թվային լուսանկարչություն կամ դերձակություն: Որոշ մասնակիցներ հնարավորություն են ունեցել մասնակցել երկու դասընթացին էլ: Պարզվել է, այս զբաղմունքները խթանել են աշխատանքային` օպերատիվ կամ երկարաժամկետ հիշողությունը:
Երկրորդ խմբի ժամանցը ներառել է առօրյա զբաղմունքներ, օրինակ` դասական երաժշտության ունկնդրում, խաչբառեր: Մասնակիցների երրորդ խմբի օգնությամբ գիտնականներն ուսումնասիրել են սոցիալական գործոնի ազդեցությունը, խմբի մասնակիցները մասնակցել են էքսկուրսիաների, տարբեր հանդիպումների:
Փորձի արդյունքում պարզվել է, որ առաջին խմբի կոգնիտիվ ունակություններն, այդ թվում` հիշողությունը, զգալիորեն բարելավվել են, ի տարբերություն մյուս երկու խմբերի մասնակիցների: Նշենք, որ փորձը դեռ շարունակվում է եւ ուսումնասիրության վերջնական արդյունքները կհրապարակվեն հինգ տարի անց միայն: