22:04
Ինչպես է Հովիկ Աբրահամյանը Մելիք Գասպարյանի մահից հետո խլել նրա հյուրանոցը

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող Ամիրյան փողոցում գտնվող Hotel National հյուրանոցային համալիրի պատճառով փողոցում հայտնված բնակիչների խնդրին մենք անդրադարձել ենք: Ամիրյան 4/4 հասցեում ապրող բնակիչները դեռևս 2004 թվականին տեղահան էին արվել իրենց տներից, և տեղում կառուցվել էր ներկայիս հյուրանոցը, որը սկզբում Հովիկ Աբրահամյանին չի պատկանել: Նա հյուրանոցին տիրացել է բավական ուշագրավ ճանապարհով:

Հյուրանոցը սկզբում կառուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, հանգուցյալ Մելիք Գասպարյանը: Տարիներ անց, 2009 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ պատգամավորը Երևան-Չարենցավան ճանապարհին ավտովթարից զոհվեց, Աբրահամյանները պարզապես խլեցին շենքը Գասպարյանի ընտանիքից:

Ընտանիքին մոտ կանգնած անձանցից մեկը «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ ժամանակին շենքի տերերը հայտնի եռյակն էր՝ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և տրանսպորտի ու կապի նախկին նախարար, այժմ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Այնուհետև Մանուկյանը իր մասնաբաժինը վաճառել էր նրանց, ապա դուրս է եկել նաև Ծառուկյանը, և հիմա շենքն ամբողջությամբ պատկանում է հայր և որդի Աբրահամյաններին:

«Նրանք հյուրանոցի շենքը չնչին կոպեկներով խլեցին Գասպարյանի տղայից ու կնոջից և տիրացան շենքին, նախկին բնակիչներին էլ թողնելով փողոցում: Գասպարյանի տղան հրաժարվեց ժառանգորդ լինել, թողեցին կնոջ վրա` մտածելով, որ կնոջը չեն կարողանա ոչինչ անել, բայց ընդհանուր առմամբ տղան էր զբաղվում շենքի հարցերով: Բայց երբ Աբրահամյանները մտան խաղի մեջ, չնչին կոպեկներ տվեցին, տղան էլ վերցրեց ու փախավ երկրից»,- պատմեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ Գասպարյանի որդին ներկայումս գտնվում է Դուբայում:

«Առաջին լրատվականը»-ը փորձեց Մելիք Գասպարյանի կնոջից՝ Անահիտ Մնացականյանից պարզել շենքը իրենցից խլելու պատմության մանրամասները, սակայն վերջինս չցանկացավ խոսել այդ թեմայից: «Ուրեմն լսեք, էդ շենքի հետ կապված ինձ ոչ զանգեք, ոչ որևէ բան հարցրեք, եղավ»,- զայրացած բղավեց Անահիտ Մնացականյանը և անջատեց հեռախոսը:

Բնակիչներից մեկը, սակայն, մեզ պատմեց, որ հերթական անգամ, երբ զանգահարել է Գասպարյանի կնոջը հասկանալու համար, թե ինչ է լինելու իրենց բնակարանների ճակատագիրը, տիկին Անահիտն ասել է, որ ինքն այլևս կապ չունի շենքի հետ: «Իմ հետ գործ չունեք, գնացեք Աբրահամյանից պահանջեք, ես դրա հետ կապ չունեմ»,- ասել է Գասպարյանի կինը: «Ինքը բոլորի զանգերին էլ նույն պատասխանն ա տալիս»,- պատմեց մեր զրուցակից բնակիչը:

Ի դեպ, 10 տարի շարունակ իրենց բնակարաններին սպասող բնակիչների խոսքով` հիմա Աբրահամյանը, ձգձգելով շենքի նորոգումը, բնակարանների հանձնումը, փորձում է հասնել նրան, որ բնակիչներն էժան գնով վաճառեն իրենց տարածքները և հեռանան, իսկ դրանք կվերածվեն օֆիսային տարածքների քաղաքի ամենաբանուկ փողոցում: Բնակիչներից ոմանց արդեն իսկ առաջարկ է արվել քառակուսի մետրը 600-700 դոլարով վաճառել իրենց բնակարանների տարածքը, այն դեպքում, երբ նույն փողոցում, նույն տարածքում 1 քմ-ն արժե 1500-1700, երբեմն էլ 2000 ԱՄՆ դոլար:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 426 | Աղբյուր՝ 1in.am | -Ավելացվել է՝ 28.04.2014/22:04
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն