22:35
Կոնչիտայի մորուքը խելքահան է արել աշխարհին

Զանգվածային պսիխոզին հետեւելը, որը գրեթե համաշխարհային մասշտաբների է հասնում «Եվրատեսիլ» մրցույթին մորուքավոր Կոնչիտա Վյուրստի հաղթանակից հետո, սկզբում զվարճալի էր, նույնիսկ՝ ծիծաղելի: Իսկ հետո տհաճ դարձավ, ի դեպ, այն աստիճան, որ ցանկանում ես լվացվել, որպեսզի հնարավոր լինի մաքրել այս զզվելի չարախոսությունները: Կոնչիտայի մորուքը խելքահան է արել աշխարհին: Քաղաքական գործիչները, հոգեւորականները, շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ու հասարակ մահկանացուներն անհրաժեշտ են համարում արտահայտվել այս թեմայով: Ոչ ոք չի քննարկում ձայնային տվյալները, երգը, կատարողի տաղանդը կամ անտաղանդությունը, բայց առանց բացառության բոլորը շեղվածների նման կպել են մորուքին: Փաստորեն, մորուքը միջակ արտիստին ոչ միայն համաշխարհային ճանաչում բերեց, այլեւ դարձավ օրվա քաղաքական գլխավոր ինտրիգը: Մնում է միայն գլուխ խոնարհել արտիստի արտ-տնօրենի կամ PR մենեջերի առջեւ, ովքեր կա՛մ պարզապես հանճար են, կա՛մ նման արդյունքը նրանց համար էլ անսպասելի էր:

Օրինակ՝ իսրայելական տրանսսեքսուալ Դանա Ինթերնեյշնլի հաղթանակը 1988 թվականի մրցույթում ոչ ոքի մոտ  նման հիստերիա չառաջացրեց, ոչ ոք չէր նետվում Իսրայելն այլասերվածությունից փրկելու, այն դեպքում, երբ շատերն այժմ ողբում են Եվրոպայի բարոյական անկման համար: Ամեն ինչ պարզ է. Դանան մորուք չուներ: Հիմա երեւի նստած եղունգներն է կրծում, որ այդ մասին չէր մտածել: Կամ, օրինակ, ոչ ոք չվրդովվեց եւ այլասերվածություն չտեսավ ռուսական «Տատու» խմբի լեսբուհիների ելույթից (ամեն դեպքում, այն ժամանակ նրանք այդպես էին ներկայանում), ովքեր բեմում համբուրվում էին եւ տեսահոլովակում մաստուրբացիա անում: Մինդեռ այդ ոչ միայն գեյ-քարոզչություն է, ինչպես հիմա նորաձեւ է ասել, այլեւ, իմ կարծիքով, մանկապղծության բաց քարոզչություն: Համբուրվող անչափահասներն ավելի պիղծ ու այլասերված երեւույթ են, քան չափահաս հասուն տղամարդը, ով գիտակցաբար որոշել է մորուքով կնոջ կերպար փորձել: Ի՞նչ մեղք է գործել Կոնչիտայի մորուքը: Արժե՞, արդյոք, այդքան բարկանալ ու թույնով լցվել, արժե՞ թույլ տալ լրատվամիջոցներին եւ քաղաքական գործիչներին հիմարացնել մեզ:

Չլինելով այդ մրցույթի երկրպագու, ամեն դեպքում, կարող եմ հասկանալ հայ հասարակության հիասթափությունն այն առումով, որ մեր երգիչ Արամ MP3-ը հաղթող չճանաչվեց: Բայց կարդալով ու լսելով շատերի մեկնաբանությունները, ստիպված եմ ցավով արձանագրել, որ շատերը քաղաքական խաղի զոհ են դարձել: Իսկ որ խոսքն այստեղ քաղաքականության մասին է, կասկածից վեր է: Այլապես ինչպե՞ս կարելի է բացատրել հայ օգտատերերի սերն ու հարգանքը Պուտինի հանդեպ, ով Հայաստանը «փրկեց» եվրոպական «այլասերվածներից»: Տպավորություն է ստեղծվում, որ եթե Արամը պարտվեր ցանկացած այլ մասնակցի, նույնիսկ՝ Ադրբեջանի ներկայացուցչին, բայց առանց մորուքի եւ ավանդական կողմնորոշմամբ, հայերն այդ ավելի հեշտ կհաղթահարեին: Մինչդեռ, հայկական փախստականների հոսքը դեպի այդ «այլասերված» Եվրոպա չի դադարում, այլ աճում է անհավանական արագությամբ:

Տիկնայք եւ պարոնայք, մարդիկ, թույլ մի տվեք օգտագործել ձեզ: Ի վերջո, Եվրատեսիլն ընդամենը կասկածելի որակի մրցույթ է, ոչ ավելին: Իսկ երաժշտությունը, թեկուզ այդ մակարդակի, դուրս է քաղաքականությունից, կրոնից, ռասայից ու սեռական կողմնորոշումից: Այստեղ մեկ չափանիշ կա. ճաշակ:

Մանվել٠Արշակյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 255 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 15.05.2014/22:35
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն