09:05
Կյանքից հեռացել է դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը

Վախճանվել է հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը:

Սվետլանա Գրիգորյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ։ Խաղացել է հարյուրից ավելի դերեր։ Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956 թ.)։
 
Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրել է իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձել հանդիսատեսի հոգու տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտել է մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։
 
Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը՝ Սվետլանա Գրիգորյանը սկիզբ է դրել այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծել իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի գրիգորյանական տեսակը։
 
Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորել է ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան՝ («Տիկին Միսիստրուին»)։ Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։
 
Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների։
 
Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009 թ.-ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 434 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 13.05.2014/09:05
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն