
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի առաջնության հաղթող, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ապրիլի 5-ին դարձավ 50 տարեկան: NEWS.am Sport-ի «Երջանկության բանաձեւ» շարքը անդրադարձել է Լեւոն Ջուլֆալակյանի 50-ամյա կյանքին: Հայկական ըմբշամարտի աստղը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում բացահայտեց իր երջանկության բանաձեւը: Պարոն Ջուլֆալակյան, ինչպիսի՞ն էր Ձեր մուտքը մեծ սպորտ: Ինչո՞ւ հենց ըմբշամարտ եւ ոչ այլ մարզաձեւ: Միշտ սիրել եմ ըմբշամարտը, քանի որ իմ ոճն էր: Բակում բախումների ժամանակ ես միշտ գոտեմարտ էի անցկացնում, այդպես էի կռվում: Ամեն օր ֆուտբոլ էի խաղում ընկերներիս հետ, իսկ հետո ըմբշամարտի գոտեմարտեր էի կազմակերպում: Հետո սկսեցինք այլ բակերի տղաների հետ գոտեմարտել եւ ես միշտ հաղթում էի: Բացի այդ, մեր բակում կար մի մարզադահլիճ, որը մեկ մարմնամարզության դահլիճ էր դառնում, մեկ՝ ըմբշամարտի: Ես օրվա մեծ մասն անցկացնում էի այդ դահլիճում, այդտեղից էլ ծնվեց սերն այս մարզաձեւի հանդեպ: Մեծ սպորտ մուտքս եղել է մարմնամարզությամբ: Մուտք դեպի մեծ սպորտ, սեր դեպի սպորտը առաջացրել են ծնողներս: Մարմնամարզությամբ սկսել եմ մարզվել 8-9 տարեկանում, իսկ 13 տարեկանում տեղափոխվել եմ ըմբշամարտ: Մարմնամարզության մարզիչս ինձ հուշեց, որ իմ տվյալներն ավելի շատ համապատասխանում են ըմբշամարտին: Հետո արդեն իմ մարզիչ Արամ Սարգսյանի առաջարկությամբ տեղափոխվեցի ըմբշամարտ եւ իմ ընտրությունը սպորտում կանգ առավ ըմբշամարտի վրա: 13 տարեկանից մինչեւ այսօր ես ըմբշամարտում եմ: Հաջողությունն ըմբշամարտում ինձ մոտ եկավ շատ արագ: Մարզումներից 6 ամիս անց ես արդեն ունեցա առաջին տիտղոսը` հաղթելով ԽՍՀՄ-ի պատանեկան մի մրցաշարում: Այդտեղից հաղթանակներս սկսվեցին: Հաղթանակներս շատ էին, իսկ լուրջ հաջողություններ գրանցել եմ 1981 թվականից` դառնալով ԽՍՀՄ-ի չեմպիոն, ԽՍՀՄ-ի դպրոցականների սպարտակիադայի հաղթող, ԽՍՀՄ-ի երիտասարդական չեմպիոն, 1984-ին՝ Եվրոպայի չեմպիոն, 1985-ին՝ աշխարհի գավաթակիր, 1986-ին՝ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, 1988-ին` Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր եւ այդպես շարունակ: Իսկ Ձեր ծնողներն ինչպե՞ս են ընդունել սերը դեպի ըմբշամարտը: Մեկ ամիս ես մարզվել եմ ամեն օր, բայց ծնողներիցս գաղտնի: Նրանք չեն իմացել, թե ինչ մարզաձեւով եմ զբաղվում: Գիտեին, որ ինչ-որ մարզումների եմ գնում: Մայրս ամեն անգամ զարմանում էր համազգեստս լվանալիս, քանի որ այն մարզումներից հետո սովորականից ավելի խոնավ էր լինում: Մայրս մարմնամարզիկ էր եւ սրտանց ցանկանում էր, որ ես գնայի նրա հետքերով: Մի օր հայրս որոշեց հանդիպել մարմնամարզության մարզիչիս՝ ճշտելու համար, թե ինչ արդյունքներ են տալիս մեր մարզումները: Այդպես բացահայտվեց, որ ես գնում եմ ոչ թե մարմնամարզության, այլ՝ ըմբշամարտի: Հորս հետ հանդիպեցին մարմնամարզության եւ ըմբշամարտի մարզիչներս, ովքեր բացատրեցին, որ ես ավելի լավ տվյալներ ունեմ ըմբշամարտի համար եւ ավելի մեծ հաջողությունների կհասնեմ այդ մարզաձեւում: Մայրս, իհարկե, չընդունեց, նույնիսկ՝ նեղվեց, բայց հետագայում, երբ արդեն հաջողություններ ունեցա, նա հասկացավ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Հայրս ինձ շատ լուրջ հարցրեց, իսկ ես պատասխանեցի, որ ցանկանում եմ զբաղվել ըմբշամարտով: Երբ մայրս փորձեց դեմ լինել, հայրս միջամտեց, ասելով` որ դա կնոջ գործ չէ եւ ես զաղվելու եմ ըմբշամարտով: Այս ամբողջ ընթացքում երբեւէ հիասթափվե՞լ եք ըմբշամարտից: Հիասթափություն բառը չեմ ընդունում: Ամեն ինչ գալիս է մարդու բնավորությունից եւ կամային հատկանիշներից: Մարդ հիասթափվել չի կարող, եթե հոգեբանորեն պատրաստ լինի իր կյանքը նվիրել այդ մարզաձեւին: Իսկ ես առաջին մարզումներից պատրաստվել, տրամադրել եմ ինձ, որ սա է իմ ուղին: Դրանում մեծ դեր է ունեցել նաեւ իմ մարզիչը, ում շնորհիվ երբեք չեմ հանդիպել հիասթափության: Բացի սպորտից, ի՞նչ նախասիրություններ եք ունեցել: Մանկուց շատ սիրել եմ երաժշտություն եւ ընթերցանություն: Շատ եմ կարդացել: Եվ ոչ թե միայն ես էի կարդում, այլ դա դրված կարգ էր մեր հավաքականում: Մեր մարզիչն իր աշակերտներից պահանջում էր լավ սովորել, հակառակ դեպքում թույլ չէր տա շարունակել մարզումները: Մի մասը ստիպված, մյուս մասը՝ սիրելով յուրաքանչյուրը սովորում էր: Հավաքների ժամանակ մարզիչը հերթով հետաքրքրվում էր, թե այդ պահին ով ինչ գիրք է կարդում: Գտնում եմ, որ այսօր նման մարզիչների կարիք մենք ունենք, բայց չգիտեմ` կան, թե՝ ոչ: Իմ դեպքում մի փոքր դժվար է այդքան հետեւողական լինել, քանի որ ես ղեկավարում եմ մեծահասակների հավաքականը: Բայց խորհուրդներ տալիս եմ, որ պարբերաբար ինքնազարգացմամբ զբաղվեն, կրթություն ստանան, շատ կարդան: Պարոն Ջուլֆալակյան, եթե չլիներ սպորտը... Գուցե այժմ բժիշկ նստած լիներ ձեր առջեւ: Ես միշտ սիրել ու շարունակում եմ սիրել բժշկությունը, հետաքրքրվում եմ ամեն ինչով: Դա ինձ համար շատ կարեւոր մասնագիտություն է: Պետք է կարողանաս մի բանով օգտակար լինել մարդկությանը: Այսօր սպորտը փոխարինում է բժշկությանը: Մենք էլ առողջ մարմին ու առողջ հոգի ենք դաստիարակում եւ առողջ զավակներ տալիս պետությանը: Ասում են` բարդ է լինել ե'ւ լավ մարզիկ, ե'ւ ընտանիքի լավ ամուսին: Դժվա՞ր է համատեղել ընտանեկան կյանքն ու սպորտը: Ինչպե՞ս եք գտել այդ ներդաշնակությունը: Ինձ մոտ ամեն ինչ ճիշտ է ստացվել: Չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված: Գուցե պատճառը ճիշտ դաստիարակությունը կամ կյանքի ուղեկցուհու ճիշտ ընտրությունն է: Ես ամեն ինչը կարողացել եմ ճիշտ համատեղել: Հասցրել եմ: Գուցե ինձանից էլ է կախված եղել: Եթե ճիշտ ընտրություն չկատարեի, բնականաբար որքան էլ ցանկանայի, անձնական կյանքս լավ չէր դասավորվելու: Եթե քո կողակիցը չհասկանա քեզ, իսկ դու նրան հասկանաս, միեւնույն է այդպես չի ստացվի: Ես երջանիկ եմ, որ կարողացել եմ կատարել ճիշտ ընտրություն եւ կազմել լավ ընտանիք: Երջանիկ եմ, որ ունեմ լավ զավակներ՝ հարգված իրենց շրջապատում եւ հանրապետությունում, ճանաչված ամբողջ աշխարհում, կրթված, գրագետ եւ, ամենակարեւորը, մարդկային հատկանիշներով լի: Ինչպես եք հանդիպել Ձեր կին Աիդային: Իմ կինն էլ եղել է սպորտում: Զբաղվել է սիրողական բասկետբոլով: Մենք հանդիպել ենք ընկերական շրջապատում: Նա իմ մանկության ընկերների համադասարանցին էր: Մենք բազմիցս հանդիպել ենք: Անկախ մեր կամքից, շատ էին ստացվում պահեր, երբ հանդիպում էինք, իսկ ես հավանում էի նրան: Տարիներ անց, երբ պետք է կատարեի ընտրություն, հետեւելով սրտիս ձայնին, ընտրեցի Աիդային: Ճիշտ է, մի քիչ ժամանակ էր պետք իրար ավելի լավ ճանաչելու համար: Ամեն ինչ շատ հաջող ստացվեց: Մինչեւ ամուսնանալը երկու տարի հանդիպեցինք. ես այդ ժամանակ 20 տարեկան էի: Գուցե փոքր էի տարիքով, բայց 22 տարեկանում հասկացա, որ պատրաստ եմ ամուսնանալու: Պահը հասունացել էր, գիտակցում էի, որ հասունացել եմ այդ քայլի համար, ինչը չես ասի այսօրվա երիտասարդության մասին: Կարողացա կազմել շատ ամուր ընտանիք եւ լավ պահել այն: Չնայած 22 տարեկան էի, բայց արդեն կայացած էի, հատկապես՝ ֆինանսապես: Այդ ամենը մի կողմ դրած, ունեցել ենք ամենակարեւորը՝ իրար հասկանալը եւ սիրելը: Եղել են նաեւ դժվար պահեր, բայց ամեն ինչ հաղթահարել ենք: Արդեն 30 տարի է ճանաչում ենք իրար, բայց 30 րոպե չենք նեղացել իրարից: Ամեն հարցում իրար հասկանում ենք, կիսվում ենք, շատ հեշտ են մեր հարաբերությունները: Փորձում ենք ավելորդ բարդություններ չստեղծել: Որն է Ձեր երջանկության բանաձեւը: Իմ երջանկության բանաձեւը ճիշտ ապրելն է: Ես շատ լավատես եմ, աշխատում եմ ավելորդ բարդություններ չստեղծել նույն ընտանեկան հարաբերություններում: Ես եւ կինս կես բառից հասկանում եւ հավատում ենք իրար: Ընտանիքները հիմնականում քայքայվում են խանդի հողի վրա: Իսկ ես չգիտեմ ինչ է խանդը: Գիտեմ մի բան, որ եթե մարդ հավատում է, ուրեմն պետք է չխանդի, եթե խանդում ես, ուրեմն կասկածում ես, իսկ եթե կողակցիդ կասկածում ես, ուրեմն պետք չէ ապրել միասին, այլ՝ բաժանվել: Եթե զույգերի մեջ կասկած կա, միասին պետք է չլինեն: Մնացած հարցերը կարգավորվող են: Որքա՞ն հաճախ եք սիրո խոստովանություն անում Ձեր կնոջը: Ամեն օր, ամեն րոպե մենք իրար սիրո խոստովանություն ենք անում՝ սիրո խոսքեր ասելով միմյանց: Առանց սիրո ոչինչ չի լինում: Մինչեւ օրս սիրում եմ կնոջս այնպես, ինչպես առաջ: Պարոն Ջուլֆալակյան, այսօր դարձաք 50 տարեկան: Եթե նորից ծնվելու հնարավորություն ունենայիք, նույն կերպ կապրեի՞ք Ձեր կյանքը: Միանշանակ: Որոշ փոփոխություններ ու սխալներ հանելով՝ կապրեի նույն կյանքը, ինչ մինչեւ 50 տարեկանը: Առանց տատանվելու կանցնեի նույն ճանապահով: Ես շատ երջանիկ եմ ու գոհ եմ իմ անցած դժվար, բայց հեշտ ճանապարհից: Այս կյանքում գնում եմ երջանիկ ապրելու, երջանկության հետեւից: Ցանկանում եմ, որ իմ ամեն մի օրը, րոպեն, կյանքս լինի հետաքրքիր, երջանիկ, եւ ուրախ: Եվ դրա համար անում եմ հնարավոր ամեն բան: Եթե դու երջանիկ ես, ապա քո շրջապատը, քո ընտանիքը, քեզ հետ հաղորդակցվող մարդիկ էլ են լինում երջանիկ: Ես չեմ սիրում մարդկանց, ովքեր անընդհատ դժգոհում են կյանքից: Ամեն հարցում միշտ փորձում եմ տեսնել լավը, իսկ վատը մի կողմ նետել: Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|