07:38
Լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները գործադուլ են անելու

«Երկաթուղին են առել, խոմ մեզի էլ չե՞ն առել»

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի լոկոմոտիվային բրիգադի աշխատակիցները շարունակում են բարձրաձայնել իրենց խնդիրներն ու, ավելին՝ պատրաստվում են ապրիլի 25-ին 2 ժամով նախազգուշական գործադուլ հայտարարել:  Նրանք դժգոհում են, որ վերջին շրջանում, նախկինի համեմատ, ավելի քիչ աշխատավարձ են ստանում, հանվել է երկարամյա աշխատանքի դիմաց նախկինում վճարվող մինչեւ 50 տոկոս հավելավճարը, չեն գործում նաեւ վնասակար աշխատանքի համար նախկին արտոնությունները, պարգեւավճարներ եւս այլեւս չեն ստանում, դրան գումարած՝ 1974-ից հետո ծնված  աշխատողներից պահվում են 5 տոկոս պարտադիր կուտակային վճարները: Բացի վերը նշվածից՝ կատարում են նաեւ մի շարք աշխատանքներ, որոնք իրենց պարտականությունների մեջ չեն մտնում:

Խնդիրների ու մտահոգությունների մասին ավելի վաղ նրանք 12 կետից բաղկացած պահանջագիր-նամակով դիմել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցին: Նրանք նշում են, որ Վ.Ռեբեցից պատասխան ստացել են, բայց այն իրենց չի գոհացնում, քանի որ ներկայացրած եւ ոչ մի խնդրի լուծման հստակ պատասխան չի տրվել. «Խնդալու պատասխաններ է տվել»,-ասում է աշխատակիցներից մեկը: Չգոհանալով ստացած պատասխանից՝ նրանք դիմել են նաեւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին, բայց որեւէ պատասխան չեն ստացել:

Զրուցակիցներս նշում են, թե իրենց աշխատավարձերը 2012-ից մինչ օրս պակասել են մոտ 20-25 տոկոսով.«Հեչ մի բան չի փոխվել, մեր ժամավարձն էլ չի փոխվել, էս ընթացքում մենակ կուտակային կենսաթոշակն է ավելացել, բայց թե ինչի՞ է մեր աշխատավարձն էդքանով պակասել՝ չենք հասկանում: Չեն էլ թողնում հաշվապահ վարձենք, գա, տեսնենք ինչ է կատարվում, իսկ իրանց հաշվապահը կարող է էնպես հաշվել, որ մի բան էլ մենք սխալ դուրս գանք» 

-Լինում են դեպքեր, երբ էլեկտրաքարշի կամ գնացքի տակ կով կամ մարդ է ընկնում, կամ այն բախվում է մեքենայի, ինչում մենք մեղք չունենք, քանի որ գնացքը մեքենա չէ, որ անմիջապես արգելակի: Էս տեսակ դեպքերի ժամանակ մեզ քաշքշում են ոստիկանություն, մեզ վերաբերվում հանցագործի պես, ճնշում: Մենք իրավաբաններ ունենք, ովքեր պետք է էս տեսակ հարցերի դեպքում զբաղվեն, բայց իրանց մենք չենք ճանաչում, ընդհանրապես չենք տեսել: Մեզ անգամ ծանուցագիր չեն ուղարկում, ուղղակի բանավոր ասում են՝ գնացեք էս ինչ տեղի ոստիկանությունը: Մենք մեր միջոցներով ենք գնում,-նշում են աշխատակիցներն ու ծիծաղելով պատմում, թե ժամանակ է եղել, երբ ոստիկանությունում հարցրել են, թե տեխնիկան ինչո՞ւ իրենց հետ չեն տարել.«Այսինքն, ասում են` էլեկտրաքարշը հետներդ բերեք»:

Լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները նշում են, թե իրենց աշխատանքի հաշվին (որոշ դեպքերում, ղեկավարության հրահանգով աշխատում են օրենքի խախտմամբ), «Հարավկովկասյան երկաթուղին» հսկայական միջոցներ է խնայում, բայց դրանից աշխատակիցներին ոչ մի օգուտ չկա, մինչդեռ, եթե դեպքեր են պատահում ու «Հարավկովկասյան երկաթուղին» վնաս է կրում, ապա աշխատակիցը զրկվում է իր հասանելիք պարգեւավճարից:

Աշխատակիցների բարձրաձայնած խնդիրներն ու մտահոգությունները այսքանով չեն սահմանափակվում, ու եթե դրանց լուծում չտրվի, իրենց պայքարը շարունակելու են՝ վստահեցնում են նրանք: Ապրիլի 25-ին` առավոտյան 8-ից 10-ը, դուրս չեն գա աշխատանքի, այդ մասին արդեն իսկ տեղեկացրել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցին. «Եթե դրանից հետո էլ արձագանք չեղավ՝ մենք անժամկետ գործադուլ կհայտարարենք: Երկաթուղին են առել, խոմ մեզի էլ չե՞ն առել: Այդ օրը, առավոտյան, չի գնալու Երեւան-Գյումրի էլեկտրագնացքը, եթե բեռնատար գնացք էլ էղավ, այդ 2 ժամվա ընթացքում եւս չեն գնա: Գյումրի-Երեւան մեկնող գնացքից այդ օրն օգտվողներից մենք ներողություն կխնդրենք, կարծում եմ՝ մեզ կհասկանան»:

Աշխատակիցներից մեկը նշեց, թե վերջին շրջանում կիրառում են նաեւ բժշկական զննություն ու իրենք մտածում են, որ սա իրենց վախեցնելու մի ձեւ է.«Խմածությունն են ստուգում մի հատ ջարդած, էլեմենտներն էլած ու հակահիգենիկ սարքով, իսկ ճնշումը չափող սարքը փչացած է, սխալ է ցույց տալիս, ինչը ես հասկացել եմ իմ ճնշումը չափելուց»:

Ի դեպ, նշենք, որ խնդրի մասին իրենք նամակներով դիմել են ՀՀ նախագահի աշխատակազմին, մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային անվտանգության վարչություն, բայց դեռ ոչ մի արձագանք չեն ստացել:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 232 | Աղբյուր՝ Asparez.am | -Ավելացվել է՝ 25.04.2014/07:38
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն