08:42
Լրագրողների պատասխան խոսքը Շուշան Պետրոսյանին

«Որեւէ քայլ ձեռնարկելու ցանկություն չունեմ, կարծում եմ Շուշան Պետրոսյանը ինքը պետք է գիտակցի իր արարքի ողջ էությունը, եւ ինքը եթե իսկապես հասկանա, թե ինչ սխալ է արել, ապա ինքը պետք է ներողություն խնդրի»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռուզաննա Ստեփանյանը, ում այսօր ԱԺ-ում վիրավորել էր երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը: 

Ռուզաննան պատմեց, որ շատ կիրթ ձեւով մոտեցել եւ ներկայացել է, թե ով է եւ որ լրատվամիջոցն է ներկայացնում, եւ կոռեկտ ձեւակերպել է իր հարցը: «Իսկ հարցը վերաբերում էր շաբաթ օրը Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներին, եւ որպես արվեստագետ փորձել եմ պարզել նրա գնահատականը, թե ինչի արդյունք է տեղի ունեցածը, արդյոք անպատժելիության մթնոլորտի արդյունք է եւ ընդհանրապես ինչ գնահատական է տալիս: Շուշան Պետրոսյանը խնդրեց անջատել տեսախցիկը, ես էլ որպես կիրթ մարդ, կիրթ լրագրող, հասկանալով, որ երեւի չի ցանկանում պատասխանել, անջատեցի: Անջատելուց հետո անմիջապես ինքը այն ձեւով, ինչ ձեւով պահեց, անսպասելի էր: Ասաց, որ կյանքս կերել եք, թեեւ ես Շուշան Պետրոսյանին առաջին անգամ էի մոտենում, երբեւէ իրենից հարցազրույց չեմ արել, ասաց, որ իր կյանքը կերել ենք, որ դուք անբարոյական եք, բոլորդ էլ անբարոյական եք: Այնտեղ էլի լրագրողներ կային, ինչպես նաեւ ձեռքով ցույց տվեց»,- պատմեց Ռուզաննա Ստեփանյանը:

Նրա խոսքերով՝ այդ արտահայտությունները լսելով՝ ինքը ապշահար է եղել, որովհետեւ չէր սպասում նման վերաբերմունք հենց Շուշան Պետրոսյանի կողմից: «Փորձեցի հասկանալ, թե ինչի է անբարոյական անվանում, բնականաբար ես որեւէ վիրավորական խոսք չասացի, չպատասխանեցի, կրթությունս ու դաստիարակությունս թույլ չի տալիս վիրավորանքին վիրավորանքով պատասխանել, հետո ինքը սկսեց վիճաբանել իմ գործընկերներից մեկի, մեկ այլ լրագրողի հետ եւ մտավ Աժ շենք»,- մեզ հետ զրույցում ասաց «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը:

«Միակ բանը, որ ինձ մտահոգում է, կամ գուցե զարմացրել է այն, որ դա ասողը Շ. Պետրոսյանն էր: Եթե նման վերաբերմունքի արժանացած լինեինք մականունավոր ինչ-որ մի պատգամավորի կողմից, միգուցե այդքան չզարմանայի: Թեեւ նշեմ, որ որեւէ պատգամավոր առ այսօր նման վերաբերմունք իմ նկատմամբ չի ցուցաբերել, միշտ եղել է փոխադարձ հարգանք, եւ նման մթնոլորտում է անցել աշխատանքը, եւ երբ որ նման վերաբերմունք ցուցաբերում է արվեստագետ պատգամավորը, սա արդեն պետք է մտածելու տեղիք տա նաեւ այն քաղաքական ուժին, որը ներկայացնում է Շուշան Պետրոսյանը»,- ասաց Ռ. Ստեփանյանը:

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մելանյա Ծառուկյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նույնպես ասաց, որ չի պատրաստվում որեւէ քայլ ձեռնարկել: «Ես ոչ մի կերպ չեմ ուզում անդրադառնալ իր խոսքին, կոնկրետ այդ «անբարոյական» որակումներին, որովհետեւ բարոյականության մասին իր պատկերացումները լրիվ խեղաթյուրված են»,- ասաց Մելանյա Ծառուկյանը: Ըստ նրա՝ ինքը չի պատրաստվում դիմել նաեւ ԱԺ Էթիկայի հանձնաժողով, որովհետեւ ոչ մի ակնկալիք չունի հանձնաժողովից: «Թող ինքը որոշի, ինքը, ես կարծում եմ, այս արձագանքներից ինչ-որ եզրահանգման կգա»: Հարցին, թե սպասո՞ւմ էիք նման վերաբերմունք Շուշան Պետրոսյանից, լրագրողն ասաց. «Իհարկե սպասում էի, ինքը հալյուցինացիայի մեջ է, ես երբեւիցե իրեն չեմ մոտեցել, հարց չեմ տվել՝ իմանալով իր մտքի արգասիքը, որ ինքը չի կարողանում հոդաբաշխ մտքեր արտահայտել»:

Մ.Ծառուկյանի խոսքերով՝ ինքը մոտեցել է, որպեսզի պաշտպանի Ռուզաննա Ստեփանյանին, ում վիրավորել էր Շուշան Պետրոսյանը: «Դա քեզ էլ ա վերաբերում, արի, արի, հենց կակրազ իրանցից մեկն ես, իմ մասին այնքան վատ բաներ ես գրել ու ինձ խայտառակ ես արել: Երկու տարի է, ասում է, կյանքս կերար»,- պատմեց լրագրողը: Ըստ նրա՝ Շուշան Պետրոսյանը, ով ժամանակին Մարտի մեկի զոհերի հարազատներին մեղավոր է անվանել, այդ մարդուց բարոյական որեւէ ակնկալիքներ չի կարելի սպասել:

Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը այսօր ԱԺ-ում վիրավորել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռուզաննա Ստեփանյանին, իսկ երբ մոտեցել էր «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մելանյա Ծառուկյանը, երգչուհի պատգամավորը ասել էր. «Գնացիր ստուց»: Նշենք, որ ավելի ուշ «Առաջին լրատվականի» հետ զրույցում Շ. Պետրոսյանը բացատրել է, որ ի նկատի է ունեցել անբարոյական աշխատաոճը:

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 569 | Աղբյուր՝ GalaTV.am | -Ավելացվել է՝ 20.05.2014/08:42
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն