15:11
«Մեկ-մեկուկես տարում Վանաձորի բոլոր շենքերում տեսախցիկներ կտեղադրվեն»

Վանաձորի քաղաքապետը փոխել է կարծիքը

Վանաձորի քաղաքապետարանի վերջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը, անդրադառնալով քաղաքի բազմաբնակարան շենքերում տեսախցիկների տեղադրման անհրաժեշտությանը, բնակարանային տնտեսության ու համատիրությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանին հանձնարարեց. «Համատիրությունների համար առաջին առաջադրանքը պետք է լինի այն, որ բոլոր շքամուտքերում անպայման տեսագրիչ սարքեր դրվեն, որ գողությունների մի մասի դեմն էլ այդպես առնվի: Այն շենքերը, որոնք ետնամասից մուտք ունեն, կամ ետնամասից էլ տեսագրիչ տեղադրվի, կամ փակվի, որ ի վերջո տեսագրվի, թե ո՞վ է մտնում այդ շքամուտք, այդ մարդն այդ շքամուտքում գործ ունի՞, թե զուտ հետախուզական կամ գողության նպատակով է մուտք գործում»:

Գ. Պառավյանը տեղեկացրեց, որ տեսախցիկների տեղադրման մասին համատիրություններին  զգուշացված է, «բայց գործը դեռեւս տեղից չի շարժվում»:

«Համատիրությունները պետք է կազմակերպեն, բնակիչներից գումար հավաքեն եւ քաղաքապետարանն էլ ինչ-որ օգնություն կանի: Հաշվարկեք` մեկ շենքի, մեկ շքամուտքի տեսախցիկի տեղադրումն ինչ արժե եւ մտածենք, թե այդ գումարը որտեղից ենք հավաքագրելու»,- նշեց քաղաքապետը:

Խորհրդակցությանը ներկա ոստիկանության Տարոնի բաժնի ծառայության գծով պետի տեղակալ Միքայել Չոբանյանը անդրադառնալով հարցին, ասաց. «Մեր թույլ կողմը բնակարանային գողություններն են: Վերլուծություններով պարզվել է, որ հիմնական գողությունները կատարվում են ցերեկվա ժամերին, այսինքն՝ քաղաքացու մեկ-երկու ժամով տնից բացակայելու ընթացքում, եվրոպատուհաններն ու դռները հեշտ բացելով, հանցագործը մուտք է գործում բնակարաններ»:

«Ինձ թվում է, որ մեկ-մեկուկես տարվա ընթացքում բոլոր շենքերը տեսախցիկներ կունենան, այգիներում, պուրակներում, շատ թաքնված տեղերում էլ մենք տեսագրիչներ կտեղադրենք, որն էլ կնպաստի հանցագործությունների թվի կրճատմանը: Նաեւ քաղաքապետարանը պարտավորություն է վերցնում իր վրա՝ աջակից լինել  տեսագրիչների տեղադրման հարցում: Եթե ուզում ենք հանցագործությունները կանխարգելել, պետք է նաեւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկե»,- կարծիք հայտնեց քաղաքապետը:

1-2 ամիս առաջ` խորհրդակցություններից մեկի ժամանակ, տեսախցիկների տեղադրման մասին քաղաքապետն այլ կարծիք էր հայտնել, մատնանշելով, որ բնակիչների մեծ մասը գտնվում է  սոցիալապես անապահով վիճակում, չի կարողանում վճարել նույնիսկ աղբահանության վարձավճարը՝ ամսական 150 դրամ, ուստի տեղին չեն տեսախցիկների տեղադրման մասին խոսակցությունները:

Մեր հարցին, թե ի՞նչն է փոխվել այժմ, Ս. Դարբինյանը արձագանքեց. «Ես այն ժամանակ ասացի, որ բնակիչների վրա հույս դնել չենք կարող, որովհետեւ բնակիչը էդ հնարավորությունը չունի: Բայց եթե հիմա ոստիկանությունը, քաղաքապետարանն ու համատիրությունը միանում են եւ յուրաքանչյուրն իր ձեռքից եկածն անում է, մեկ-մեկուկես տարի հետո արդեն դա կլինի»:

Մնում է ասել`եթե ինչ-որ մեկը որոշել է տեսախցիկների բիզնեսով զբաղվել, մեկ- մեկուկես տարում բավականին կհարստանա:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 322 | Աղբյուր՝ Asparez.am | -Ավելացվել է՝ 01.05.2014/15:11
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն