15:47
Մոյեսին հանեցին նաեւ «Մանչեստեր Յունայթեդի» ֆինանսական խնդիրների պատճառով

 

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ամերիկացի Գլեյզերների ընտանիքի որոշմամբ, գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը, չնայած 6-ամյա պայմանագրի առկայության, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 41-ամյա Ռայան Գիգզը, ով դեռ հանդես է գալիս «Յունայթեդի» կազմում: Հիշեցնենք, որ Մոյեսը «Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակվեց անցյալ տարի ամռանը, երբ մարզչական աշխատանքն ավարտեց լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը: Մոյեսին չհաջողվեց իր պաշտոնավարման 10 ամիսների ընթացքում գոնե բավարար արդյունքներ ցույց տալ. Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Յունայթեդը» ընթանում է 7-րդ տեղում ու կորցրել է անգամ 4-րդ տեղը գրավելու բոլոր հույսերը, ինչը հնարավորություն կտար թիմին հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների Լիգայում, դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի, Անգլիայի գավաթի, Անգլիայի լիգայի գավաթի խաղարկություններից: «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 19 տարիների ընթացքում առաջին անգամ չի մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:

Բնականաբար, նման արդյունքները դժգոհություն էին առաջացնում «Յունայթեդի» երկրպագուների շրջանում, ովքեր վաղուց պահանջում էին Մոյեսի հրաժարականը: Բայց Գլեյզերների ընտանիքը մարզչին հեռացնելու որոշում ընդունեց միայն այն բանից հետո, երբ արդեն ամեն ինչ կորած է. անգլիացի վերլուծաբանները համոզված են, որ Մոյեսի հեռացման հիմնական պատճառը ոչ թե վատ ցուցանիշներն են, այլ ֆինանսական անհաջողությունները. օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի արժեքը Նյու-Յորքի ֆոնդային բորսայում նվազել է 2,5 տոկոսով: Հիշեցնենք, որ «Յունայթեդը» երկար տարիներ «Forbes»-ի հաշվարկներով աշխարհում ամենաթանկ ակումբն էր աշխարհում:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 260 | | -Ավելացվել է՝ 24.04.2014/15:47
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն