13:55
Օրենք 50% անհարգելի բացակայի մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է ԱԺ նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորներին:

Նշենք, որ մինչ այդ ամենաշատ բացակայած պատգամավորների հարցը քննարկելը բացառապես ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակում էր: Իսկ հիմա պատգամավորն առաջարկում է այդ մենաշնորհը վերցնել ԱԺ նախագահից և բացակայած պատգամավորների հարցը քննարկել ԱԺ էթիկայի հանձնաժողովում, ապա` ԱԺ նիստում:

Ըստ նոր նախաձեռնության` առաջարկվում է Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնել մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին: Բացի դա, կարող է հարգելի համարվել մեկ հերթական նստաշրջանի ոչ ավելի, քան 10 օրվա նիստերի ընթացքում անցկացված քվեարկություններից պատգամավորի բացակայությունը: Եթե պատգամավորը հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից բացակայել է, և այդ բացակայությունները չեն համարվել հարգելի, ապա աշխատակազմը մեկշաբաթյա ժամկետում Էթիկայի հանձնաժողով է ներկայացնում տեղեկանք` նշելով այդ պատգամավորի անունը, ազգանունը, ընտրատարածքի համարը, հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների և դրանցից պատգամավորի բացակայությունների քանակը:

Նախագծով սահմանվում է, որ Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն առանց քվեարկության ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում է արտահերթ: Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին Էթիկայի հանձնաժողովի եզրակացությանը հավանություն տալու մասին հարցը, որի վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Եթե քվեարկության արդյունքում Ազգային ժողովի որոշումը ստանում է ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա այդ որոշման և Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է ԱԺ նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Նշենք, որ ԱԺ նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորների թոփ տասնյակում են Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Բագրատյանը, Գուրգեն Արսենյանը, Կարո Կարապետյանը, Զարուհի Փոստանջյանը, Արայիկ Գրիգորյանը , Աբրահամ Մանուկյանը, Կարեն Կարապետյանը, Մարինե Մարաբյանը և Գրիգոր Գրիգորյանը, ով օրերս վայր դրեց իր պատգամավորական մանդատը:

Ըստ էության սա ողջունելի նախաձեռնություն է, երբ փորձ է արվում հարցերը հանել միանձնյա որոշումների տիրույթից, սակայն սրանով էլ առանձնապես բան չի փոխվի: Որքան մինչ այս է որևէ պատգամավոր, ասենք` Գագիկ Ծառուկյանը պատասխանատվության ենթարկվել մի քանի տարի անընդմեջ նիստերից ամենաշատը բացակայելու համար, այնքան էլ սրանից հետո կկրի: Եթե անգամ ամենաշատը բացակայած պատգամավորների հարցը քննարկվի Էթիկայի հանձնաժողովում, ապա դա ևս լուծում չէ: Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը իշխանական խմբակցության ներկայացուցիչներ են, որոնք դժվար թե իրենց գործընկերոջ մասին անհաճո եզրակացություն տան: Իսկ եթե անգամ ենթադրենք էլ, որ նման եզրակացություն կտան, ապա բացառված է, որ ԱԺ փակ քվեարկության ժամանակ հնարավոր է որևէ` ամենաշատ բացակայած պատգամավորի մանդատից զրկելու համար անհրաժեշտ ձայն հավաքվի: Զուտ համերաշխությունից, երբեմն էլ վախից ոչ ոք կողմ չի քվեարկի որևէ պատգամավորի մանդատից զրկելու որոշմանը: Հետևաբար, հանգում ենք եզրակացության, որ սա հերթական, ոչինչ չասող օրենսդրական նախաձեռնություն է:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակ Արփինե Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով նախաձեռնության վերաբերյալ մեր հարցերին` ասաց, որ այս փոփոխությունը մշակվել և շրջանառության մեջ է դրվել հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշ առանձնահատկություններ: Բայց դեռ քննարկման չի դրվել և քննարկումից հետո հնարավոր է որոշ փոփոխություններ կատարվեն: «Դա դեռևս չի քննարկվել և որևէ հակափաստարկ, դրա առնչությամբ որևէ բովանդակային քննարկում չի իրականացվել: Երբ դա կքննարկվի, այդ ժամանակ էլ կանդրառնանք այն մտահոգություններին, որոնք դուք եք հնչեցնում: Փոփոխություններ, իհարկե, կլինեն: Որևէ նախագիծ դոգմատիկ բնույթ չի կրում: Առավել ևս այդ նախագիծը, որն առնչվում է ԱԺ կանոնակարգ օրենքին, և բոլոր պատգամավորները դրանում շահագրգիռ են»:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 319 | Աղբյուր՝ 1in.am | -Ավելացվել է՝ 16.05.2014/13:55
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն