07:42
Ովքե՞ր էին թատերարվեստի լավագույնները

Երեկ` թատրոնի միջազգային օրը, թատերասեր հանրությունը հավաքվել էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական պետական թատրոնում, սակայն, ոչ թե նոր ներկայացում դիտելու, այլ տարվա գլխավոր թատերական մրցանակաբաշխությանը հետևելու ու տարվա լավագույնների անուններն իմանալու համար: Բացի տարբեր թատրոնների դերասաններից, դահլիճում էին նաև ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հանդիսավարներ դերասանուհի Լուիզա Ղամբարյանն ու ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը, ազդարարելով միջոցառման սկիզբը, խոսքը տվեցին միջոցառման կազմակերպիչ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին: Վերջինս շնորհավորեց բոլորին և, հաշվի առնելով թատրոնի ցածր աշխատավարձը, բացի հետաքրքիր ներկայացումները բոլորին մաղթեց նաև բարձր աշխատավարձ:

Այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրված էր Հրաչյա Ղափլանյանի 90-ամյակին, նրա անվան մրցանակին արժանացավ Արա Երնջակյանը: Կազմակերպիչների խոսքով` այս տարի մի շարք մրցանակներ էին առանձնացվել հատկապես երիտասարդների համար: Գլխավոր դերով առաջին բեմելի համար հատուկ մրցանակների արժանացան դերասաններ Նորա Գրիգորյանն ու Վարդան Կուղիանոսյանը, վերջինը ESem.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար անսպասելի էր նման մրցանակի արժանանալը: «Իհարկե, շատ ուրախ եմ առաջին անգամ այս մրցանակին արժանանալու համար, ինչի առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ուսուցչին` Զավեն Տատինցյանին, թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանին և «Սիրո զոհեր» ներկայացման ռեժիսոր Կարապետ Բալյանին»,-ասաց Վարդանը:

Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհու մրցանակը կիսեցին Մարիամ Ղազանչյանն («Մեղրի համը» ներկայացմամբ) ու Նարինե Պետրոսյանը («Վերջին ծաղրածուն» ներկայացմամբ), իսկ լավագույն երիտասարդ դերասանի կոչմանն արժանացավ Սամվել Դանիելյանը («Մեղրի համը» ներկայացմամբ): «Մեղրի համը» այլ մրցանակներ էլ ունեցավ. այն ճանաչվեց Տարվա լավագույն երիտասարդական ներկայացում, իսկ ռեժիսորը` Գոռ Մարգարյանը, լավագույն երիտասարդ ռեժիսոր: Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատարը` Իշխան Ղարիբյանը, ևս այս ներկայացման մեջ մարմնավորած դերի համար մրցանակ ստացավ, իսկ երկրորդ պլանի լավագույն կին դերակատար ճանաչվեց Արմինե Վերմիշյանը:

ESem.am-ի հետ զրույցում Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհու կոչմանն արժանացած Մարիամ Ղազանչյանը նշեց, որ սա իր երկրորդ «Արտավազդն» է, ինչի համար շատ ուրախ է: «Այս դեպքում, կարելի է ասել, ավելի ուրախ եմ, քանի որ հիշում եմ, թե ռեժիսորն ինչ ջանքեր էր գործադրում, որ իմ կերպարը կայանա: Կարելի է նաև ասել, որ մենք ստեղծագործական ողջ կազմով երեխա ենք ունեցել»,-ասաց Մարիամը, ով, անդրադառնալով ներկայացված մյուս մասնակիցներին, նշեց, որ բոլորն էլ արժանի են մրցանակի: « Պատանի հանդիսատեսի թատրոնը միշտ ստվերում է եղել. մենք կամ մրցանակ չենք ստացել, կամ էլ մեկ մրցանակ ենք ունեցել: Չեմ կարող ասել, թե ինչպես ստացվեց, որ ժյուրին այդպես քվեարկեց, բայց սա սենսացիա էր: «Արտավազդի» պատմության մեջ մինչ օրս չէր եղել դեպք, որ մի ներկայացումն արժանանար վեց մրցանակի: Այս ամենն արդար է նաև, որովհետև քվեարկությունից հետո, երբ պարզվել է, որ մի քանի անվանակարգում մեր ներկայացումն է հաղթող ճանաչվել, դրանք չեն կիսվել` մյուսներին չնեղացնելու համար»,-ասաց դերասանուհին:

Դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը, ով իր մրցանակը նվիրեց ուսուցչի` Արմեն Մազմանյանի հիշատակին, մեզ հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է արժանանում «Արտավազդի»: «Անցած տարվա վերջին ներկայացմանը հրավիրեցի Արմեն Մազմանյանին, սակայն առողջական խնդիրների պատճառով նա չկարողացավ գալ: Մտածում էի` այս տարի կհրավիրեմ, բայց տարին վատ լուրով սկսվեց: Ինձ թվում է` նա այժմ ուրախանում է իր «քոթոթների» հաջողություններով. միշտ նրան երախտապարտ եմ լինելու, որովհետև իմ «վերջին ծաղրածուն» նա է եղել,- ասաց Նարինեն, ում խոսքով` մրցանակներն իր համար այնքան էլ մեծ նշանակություն չունեն: - Իհարկե, հաճելի է, երբ սիրածդ գործով ես զբաղվում ու դրա համար մրցանակ ես ստանում, սակայն  ինձ համար ամենակարևորն այն է, որ փորձել եմ հաճույք ստանալ խաղալով այս ներկայացման: Կարծում եմ` դա երևացել է: Շատ ուրախ եմ, որ գնահատեցին աշխատանքը, թեև այն չէր արվել մրցանակի արժանանալու համար»:

Ավելացնենք նաև, որ Տարվա լավագույն կին դերակատարի «Արտավազդը» բաժին հասավ «Մեղրի համը» ներկայացման դերասանուհի Շուշանիկ Ղազարյանին, իսկ լավագույն տղամարդ դերակատարի կոչմանն արժանացավ Գագիկ Մադոյանը: Տարվա լավագույն բեմադրիչ դարձավ Գյումրու Աճեմյանի թատրոնի ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, իսկ Վահե Հայրապետյանի «Գազանանոց Մադագասկար» ներկայացման համար արված երաժշտական ձևավորումը դարձավ տարվա լավագույնը: Մրցանակաբաշխության ընթացքում հատուկ մրցանակների արժանացան Ռոբերտ Էլիբեկյանն ու Ժիրայր Դադասյանը, իսկ Տարվա լավագույն ներկայացում անվանակարգում հաղթող ճանաչվեց Հրաչյա Գասպարյանի «Քեռի Վանյա» ներկայացումը:

Լավագույններին մրցանակներով շնորհելու միջոցառման ընթացքը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր Կամերային թատրոնի դերասանների երաժշտական համարներով: 

 

 

 

 

 

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 317 | | -Ավելացվել է՝ 29.03.2014/07:42
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն