17:57
Քաղաքապետարանը դարձյալ չի կարողացել արդարացնել իր ակնհայտ խախտումները. Օմբուդսմեն

Երկակի ստանդարտներով տարածքների սեփականաշնորհման Օմբուդսմենի հայտարարությանը Երեւանի քաղաքապետարանը հակադարձել է ծավալուն, բայց ակնհայտորեն հիմնազուրկ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

 Օմբուդսմենի տարածած հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Չունենալով փաստարկներ՝ Քաղաքապետարանն անհարկի մեջբերումներ է անում օրենքից: Նման խրթին պարզաբանման մեջ ընդհանրապես բացակայում է պարզությունը, ավելին՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել իբր կա որեւէ արդարացում ակնհայտ եւ համատարած խախտումներին:

Կարելի էր բավարարվել այսքանով, սակայն անդրադառնում ենք Քաղաքապետարանի արդարացումներին նաեւ կետ առ կետ.

1. Երեւանի քաղաքապետարան. Մայրաքաղաքի դեռեւս ոչ բոլոր բակային տարածքներում են հստակեցված գոտիավորման սխեմաները:

Պաշտպանի  աշխատակազմ. Մեր բարձրացրած խնդիրը   վերաբերում է Արաբկիր վարչական շրջանին, որի գոտիավորման նախագիծը հաստատվել է դեռեւս 2007 թվականին:

2. Երեւանի քաղաքապետարան. Բակային տարածքները հարկավոր է ազատել ինքնակամ կառուցված եւ ժամանակավոր շինություններից:

Պաշտպանի աշխատակազմ. Այո, եթե այդ գործընթացը չի իրականացվում երկակի ստանդարտներով եւ վերաբերում է ինքնակամ կամ ժամանակավոր կառուցված բոլոր շինություններին: Մինչդեռ, կան արտոնյալներ, որոնց շինությունները չեն քանդվում:

3. Երեւանի քաղաքապետարան. 2009թ. Երեւանի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել բնակավայրերի ծրագրային փաստաթղթերը համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին։ Երեւան քաղաքի ավագանին է որոշում ընդունում Երեւան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված՝ Երեւան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաեւ նախագծային առաջադրանքների վերաբերյալ:

Պաշտպանի  աշխատակազմ. 2013 թվականին, սակայն,  կրկին ավագանու որոշմամբ՝ Երեւան քաղաքի  զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրով Արաբկիր վարչական շրջանի գոտիավորման նախագծերի մշակման կամ փոփոխման վերաբերյալ որեւէ դրույթ նախատեսված չէ: Այսինքն, ավագանու վերջին որոշմամբ, նշված վարչական շրջանի գոտիավորման սխեմաները փոփոխման ենթակա չեն:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 315 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 29.04.2014/17:57
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն