09:01
Շփման գծում դիվերսիոն փորձ. մերձամարտում զոհվել է հայ զինծառայող

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Է. Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:

Ներկա դրությամբ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 540 | Աղբյուր՝ Lratu.ru | -Ավելացվել է՝ 29.05.2014/09:01
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն