09:43
Սկանդալի մեջ հայտնված 6բ դասարանի Հարությունը հեռացել է թիվ 71 դպրոցից

Hayeli.am-ի տեղեկություններով՝ Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի 6բ դասարանի աշակերտ Հարություն Ղազարյանը, ով համադասարանցիների՝ դպրոցից հեռանալուց հետո դասարանում մենակ էր մնացել, նույնպես հեռացել է այդ դպրոցից: Նա այժմ սովորում է Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում, որի տնօրենը Աշոտ Բլեյանն է: Մեր տեղեկություններով՝ Հարությունին այդ դպրոց տեղափոխելու որոշումը նրա ծնողները կայացրել են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հորդորով: Ի դեպ, նույն կրթահամալիրում սովորում են նաև Նիկոլ Փաշինյանի երեխաները: Հիշեցնենք, որ Նիկոլն այն օրերին, երբ Հարությունը դարձել էր դասարանի միակ աշակերտը, այցելել էր նրան, հանդիպել էր նաև ծնողների հետ: Հենց այդ ժամանակ էլ հավանաբար նրան հաջողվել է համոզել Հարությունի ծնողներին՝ տեղափոխել երեխային: Մինչ այդ նրանք կատեգորիկ հրաժարվում էին դպրոցն ու անգամ դասարանը փոխելու առաջարկից, թեև մի քանի այլ դպրոցներից ևս Հարությունին ընդունելու առաջարկ է եղել:    
Հիշեցնենք, որ Երևանի թիվ 71 դպրոցում դեռահասների միջև ծագած կոնֆլիկտը խորացել էր և դուրս եկել դպրոցի սահմաններից:
Երեխաների միջև տեղի ունեցած ընդհարումից հետո հակասություններն ու խժդժությունները ոչ միայն չէին լուծվել, այլև աննախադեպ զարգացում էին ստացել. դպրոցի մանկավարժները սեփական ուժերով չէին կարողացել հարթել խնդիրը, դասարանը դուրս էր եկել նորեկ աշակերտի՝ Հարություն Ղազարյանի դեմ ու պահանջում էր նրան հեռացնել դպրոցից: Բոլորն ասում էին, որ Հարությունը լավ սովորող է, սակայն նրա հետ լեզու գտնել հնարավոր չէ:
Հարցն այն ժամանակ հանրային մեծ արձագանք ստացավ, միջադեպին անդրադարձան լրատվամիջոցները , երկու կողմի ծնողները նամակներ գրեցին պատկան մարմիններին: Չնայած քաղաքապետարանի, կրթության և գիտության նախարարության բոլոր տեսակի միջամտություններին և հորդորներին՝ խնդիրն այդպես էլ լուծում չստացավ: Ի վերջո, բանը հասավ նրան, որ ծնողները բոլորը միասին վերցրին իրենց երեխաների փաստաթղթերն ու գնացին այլ դպրոցներ, իսկ մի քանիսն էլ տեղափոխվեցին զուգահեռ դասարան: 71 դպրոցի 6բ դասարանում Հարությունը մնաց միայնակ: 1 աշակերտի համար Երևանում դասարան պահելը դպրոցի ֆինանսավորման տեսանկյունից նպատակային չէր, իսկ 6ա դասարանում կրթական չափորոշչով նախատեսված 35 տեղերն արդեն լրացված էին: Թեև դպրոցի տնօրինությունը ի վերջո որոշել էր հարցին լուծում տալ հօգուտ Հարությունի՝ նրան հրամանագրելով 6ա դասարան, սակայն Հարությունն այդ դասարան այդպես էլ չհաճախեց: Դասարանում միայնակ մնալուց հետո մի քանի օր նա հիվանդության պատճառով դպրոց չէր գալիս, իսկ հետո արդեն հեռացել է դպրոցից:
Թիվ 71 դպրոցում չեն բացառում, որ Հարությունի հեռանալուց հետո նախկին համադասարանցիները կարող են կրկին վերադառնալ նույն դպրոց:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 317 | Աղբյուր՝ Hayeli.am | -Ավելացվել է՝ 04.05.2014/09:43
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն