18:31
Ստամբուլի օդանավակայանում Երեւան թռչող օդանավում արտակարգ դեպք է գրանցվել

Թուրքական «Atlas Jet» ավիաընկերությանը պատկանող եւ Ստամբուլ-Երեւան չվերթն իրականացնող օդանավում մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը արտակարգ դեպք է գրանցվել. Թռիչքից րոպեներ առաջ նկատվել է, որ օդանավից նավթի արտահոսք է սկսվել:

Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Բագրատ Տուր» ընկերության ղեկավար Բագրատ Նավոյանը (այս ընկերությունը տվյալ չվերթի պատասխանատուն է Հայաստանում):

Նրա խոսքով՝ իսկապես, նման դեպք արձանագրվել է: «Օդանավը նավթ է թողել, մասնագետները չեն կարողացել վերացնել անսարքությունը, որից հետո ուղեւորներին իջեցրել են, ուղեբեռը տեղափոխել են պահեստային օդանավ եւ արդեն նոր օդանավով ուղեւորները հասել են Երեւան: Չվերթը ուշացել է մի 15 րոպե: Ստամբուլի օդանավակայանը բավական մեծ է, հատուկ ծառայողներ կան, որոնք արագ նկատել են նավթի արտահոսքը եւ միջոցներ ձեռնարկել: Իհարկե, եթե ուղեւորներին իջեցնում են օդանավից եւ փոխում օդանավը, մարդիկ վախ կզգան, դա բնական է»,-ասել է նա՝ հավելելով, որ օդանավում եղել է մոտ 120 ուղեւոր:

Նավոյանը նաեւ նշել է, որ այս դեպքի մեջ պետք չի միտումնավորություն տեսնել: «Ստամբուլում հայերի նկատմամբ ոչ մի միտումնավոր բան չկա: Եթե ուղեւորները օդանավի ներսում են եղել, ինչպես կարող էին նկատել նավթի արտահոսքը ներսից: Իհարկե, մեծ օդանավակայան է, կարող է նավթի արտահոսք լինել, որը արագ կարգավորել են»,-ընդգծել է «Բագրատ Տուրի» ղեկավարը:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ օդանավի ուղեւորներն արդարացիորեն եւ զայրացած բողոքել են, որ իրենց շնորհիվ է, որ կանխվել է վտանգը, երբ ուղեւորները նստել են ինքնաթիռ: Թռիչքից րոպեներ առաջ նրանք նկատել են ինքնաթիռից վառելիքի արտահոսք եւ այդ մասին անմիջապես տեղեկացրել են օդաչուներին: Սակայն վերջիններս փորձել են համոզել ուղեւորներին, թե ոչ մի վտանգ չկա եւ միայն ուղեւորների բարձրացրած աղմուկից հետո օդանավի բոլոր ուղեւորները շտապ տարհանվել են, այնուհետ գործի են անցել օդանավակայանի ծառայության եւ հրշեջ ծառայության խմբերը, ինչից հետո Հայաստան մեկնող ուղեւորներին մեկ այլ օդանավով ուղարկել են Երեւան: Այս ընթացքում եւ՛ «Atlas Jet»-ը, եւ՛ «Բագրատ Տուր»-ը չեն բարեհաճել անգամ ներողություն խնդրել ուղեւորներից, իսկ նման դեպքերում նրանք պարտավոր են փոխհատուցում տալ: 

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 593 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 10.05.2014/18:31
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն