20:55
Թիվ 70 դպրոցի տնօրենին ասել են՝ սուսուփուս դիմումդ գրի, հեռացի

Hayeli.am-ը նախկինում մի քանի անգամ անդրադարձել է Հ. Սահյանի անվան Երևանի թիվ 70 դպրոցում ստեղծված արտառոց իրավիճակին և տխրահռչակ տնօրենի՝ Հերմինե Շափաղաթյանի, մեղմ ասած, խայտառակ գործունեությանը: Մեզ հայտնի է դարձել, որ այս տնօրենը ապրիլի 22-ին, սեփական դիմումի համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով, ազատվել է աշխատանքից: Նրան խորհուրդ է տրվել՝ սուսուփուս դիմում գրել ու հեռանալ: Հիշեցնենք, որ սա այն դպրոցն է, որի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը պայմանագրային հիմունքներով, այսինքն` ապառիկ Էրեբունի 19/14 հասցեում գտնվող համակարգչային խանութից մոտ 10 հատ նոթբուք է գնել՝ շուրջ 1,5 մլն դրամ արժեքով և գումարը երկար ժամանակ չի վճարել: Գործի հետ կապված` դատական գործընթաց կար, դպրոցի հաշիվների վրա դատարանը փաստացի կալանք էր դրել, ուսուցիչներն անգամ աշխատավարձ չէին կարողանում ստանալ, իսկ ամնաուշագրավն այն էր, որ ձեռք բերված նոթբուքները դպրոցում չէին գտնվում: Ինչևէ, դատարանի համապատասխան որոշմաբ, Շափաղաթյանը ստիպված եղավ վճարել այդ գումարը, և դպրոցն ազատվեց դատական կալանքից: Հիշեցնենք, որ դատարանի որոշումից հետո Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դիմել էր դատախազություն՝ պահանջելով պարզել, թե արդյոք համակարգչային խանութի պարտքը Երևանի թիվ 70 դպրոց ՊՈԱԿ-ից չի՞ վճարվել: Մեր տեղեկություններով` դատախազությունը պարզել էր, որ տիկին Բախշյանի մտահոգությունը անհիմն չի եղել. Հերմինե Շափաղաթյանը, այսպես կոչված, պարտքով գումար էր վերցրել դպրոցից՝ մոտ 2 մլն դրամ, և վճարել համակարգիչների գինը: Բայց դատախազության միջնորդությունից հետո տիկինը ստիպված է եղել վերադարձնել նաև այդ գումարը: Իհարկե, դրական է, որ կրթության համակարգը վերջապես ազատվել է այս կարգի տնօրենից, սակայն հատկանշական է, որ անգամ այս կարգի բացահայտ խայտառակությունների ու դպրոցը փաստացի կործանման եզրին հասցնելու համար մեր իրականության մեջ «ամենալուրջ պատիժը» համարվում է աշխատանքից ազատվելը: Մենք նախկինում զրուցել էինք թիվ 70 դպրոցի ուսուցիչներից մի քանիսի հետ, ովքեր, պատմում էին, թե իրենք նախկին տնօրինուհու հորդորով՝ իրենց անունով բացվել են վարկային գծեր, և այդ ուսուցիչներն այսօր ակամայից դարձել են անպարտաճանաչ վարկառուներ: Մանկավարժների խսքով` այս տիկնոջ` տնօրեն նշանակվելուց հետո թիվ 70 դպրոցը թվաբանական պրոգրեսիայով սկսել է կորցնել աշակերտներին և այսօր ընդամենը 80 աշակերտ ունի, ուստի չի բացառվում, որ այն շուտով կփակվի: «Միայն այս տարի՝ սեպտեմբերին, 20 աշակերտ միանգամից դուրս եկան դպրոցից, և այդ բոլորը տնօրենի գործունեության արդյունքն է»,- մեզ հետ զրույցում նշեց մանկավարժներից մեկը՝ խնդրելով իր անունը չհրապարակել, քանի որ նախկին տնօրինուհին բավական հզոր և ազդեցիկ կապեր ու ծանոթներ ունի, ովքեր ամեն ինչի ընդունակ են:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 303 | Աղբյուր՝ Hayeli.am | -Ավելացվել է՝ 28.04.2014/20:55
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն