«The Beautified Project»-ը միանգամից մի քանի անակնկալ է պատրաստել երկրպագուների համար: Ապրիլի 26-ին երևանյան «Կամի» ակումբում տեղի կունենա խմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ինչպես նաև նոր ձայնասկավառակի շնորհանդեսը:
Համերգին ներկա կլինի երգչուհի Էվան: Սպասվում է նաև Սոնա Ռուբենյանի ներկայությունը, եթե վերջինս հանրապետությունում լինի:
Ինչ վերաբերում է ձայնասկավառակին, ապա այն ներառելու է 4-5 երգ, այդ թվում ՝ վերջերս ձայնագրված «Արագիլ» երգը: Մեզ հետ զրույցում խմբի վոկալիստ Անդրեն նշեց, որ հատուկ նպատակով են ընտրել հենց այս երգը. «Մեր նախորդ եվրոպական շրջագայության ընթացքում կատարում էինք այդ երգը և զգացինք, որ այն իրոք շատ են սիրում: Երգն արտագաղթի մասին է, և մենք, արագիլներին հետ կանչելով, այսպես ասած, մեր հայրենակիցներին ենք հետ կանչում»:
Ձայնասկավառակը ներառելու է «Արագիլ»-ի երեք տարբեր ձայնագրություն՝ ռոք, ակուստիկ, և երգի կարճ տարբերակը: CD-ում ընդգրկվել է նաև սիրված «Կիլիկիա» երգի ակուստիկ տարբերակը, որը մինչ այժմ չի թողարկվել:
Ի դեպ, «The Beautified Project»-ը մայիսի 7-ից սկսում է իր համերգային շրջագայությունը Եվրոպայում: Խումբը համերգներ կտա Բեռլինում, Փարիզում, Վիեննայում և եվրոպական այլ քաղաքներում: