Օրերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղից մի երեխա էր եկել մայրաքաղաք՝ Երևանը տեսնելու: Ներքին Կարմիրաղբյուր գյուղից եկած 12-ամյա Հայկին գործընկերս հարցրեց՝ ի՞նչ ես ամենաշատը սիրում, ասաց.
_Հեծանիվս, էն էլ չեն թողում, որ ազատ քշեմ:
_Ինչո՞ւ չեն թողնում,- հարցրեցինք:
_Ասում են՝ բակում քշի, էդքան հերիք ա: Մի անգամ հանդումը քշում էի, կողքս ականը պայթեց, մահից եմ պրծել, դրանից էլ չեն թողնում, որ հեծանիվով փողոց դուրս գամ: Բայց որ մեծանամ, սնայպերիստ եմ դառնալու>>,- պատասխանեց Հայկը:
_Ինչո՞ւ սնայպերիրստ,- շարունակեցինք մենք:
_Որ թուրքերին խփեմ, իրենք ամբողջ օրը մեր վրա կրակում են: Հրեն մեծ ախպերս էլ չաստումն ա աշխատում, որ մեզ պաշտպանի: Հերս էլ ա աշխատում՝ զինվորական ա, բայց էլի կրակում են: Բայց իրենց երեխեքն էլ են մեղք՝ նրանք էլ մեր պես չեն կարողանում դաշտ դուրս գալ, իրենք էլ մեր պես վախենում են կրակելուց: Էդ դաշտերը մնում են. ո՛չ կարողանում ենք այգիների բերքը քաղել, ո՛չ դաշտերը մշակել, էդ կրակելը լավ բան չի,- մեծի հասունությամբ պատմում էր Հայկը:
_Երևանը սիրու՞ն է,- հարցրեցի:
Ինքն էլ թե՝ հա, շատ սիրուն է, բայց մեր գյուղն ավելի սիրուն է: Երբ լրագրողներից մի քանիսն առաջարկեցին Հայկին նկարել, հեռուստացույցով ցույց տալ իրեն, <<Յութուբում>> դնել, որ գյուղում բոլորը տեսնեն, կտրուկ հրաժարվեց.
_Տհե թիթիզ բաներ անեմ, գնամ գյուղումը վրես կխնդան:
Հայկի գալուց բառացիորեն օերր հետո, համացանցում քննարկման թոփ թեմա դարձավ ոստիկանպետի դստեր ծննդյան արարողությունը, որի կադրերն ու ֆոտոները հեղեղեցին ողջ սոցիալական մեդիան, առավել ակնհայտ դարձավ երկու տարբեր Հայաստանների բախումը: Հայտնի պաշտոնյայի 12-ամյա երգչուհի աղջնակն ու սահմանամերձ գյուղում ծնված Հայկը նույն տարիքի երեխաներ են, երկուսն էլ պատանեկան երազանքների ծաղկման շրջանում, երկուսն էլ մեր ապագայի հույսը: Բայց որքա՜ն տարբեր են այս երեխաների ապրած կյանքն ու իդեալները՝ ցավալիորեն երկուսն էլ այնքա՜ն իրական: Այս երկու երեխաների մանկությունները ոչ մի ընդհանրություն չունեն, իսկ տարբերությունների մասին կարելի է անվերջ գրել, որովհետև այս երկու մանկությունների միջև մի հսկայական անդունդ կա:
Փաստորեն, անկախություն կերտած սերունդի անմիջական ժառանգորդ սերունդը, իսկ Անգելինան ու Հայկը այդ սերնդի ներկայացուցիչն են, միմյանց կատեգորիկ հակասող արժեքներով են ապրում: Եվ սա ընդամենը 20 տարում: Հանրային ստերիոտիպերը վարակի պես բան են՝ անպայման ունենում են հետևորդների մեծ բանակ հանրության մեջ: Հայկի դավանած արժեհամակարգը, որտեղ չկա քաղքենիություն, ցինիզմ, շռայլություն ու ոսկե երիտասարդություն, երկրի հույսն է, ողնաշարը, որովհետև նա սահման է պահելու: Բայց այդ տեսակը մեռնող է, իսկ արժեքը՝ նահանջող, որովհետև չի խրախուսվում, որովհետև Հայկի ծննդյան օրը օճառաշամպունային էյֆորիայով քծնող աստղերը երբեք չեն շնորհավորում, և ընդհանրապես նա իր ծննդյան օրը ոսկեզօծ աթոռի վրա չի նստում, իր բոյից բարձր տորթ էլ ոչ ոք նրան չի նվիրում: Իսկապես տխուր է, շատ տխուր:
Տա Աստված, որ Հայկը լավ <<սնայպերիստ>> դառնա, բայց երբեք կրակելու անհրաժեշտություն չունենա, իսկ Անգելինան էլ թող շատ մեծ բեմեր նվաճի, բայց իր երգացանկում անպայման մի գեղեցիկ երգ ունենա սահմանը պահող, իր հեծանիվը ազատ քշելու երազանքով ապրող տղայի մասին:
Նյութի աղբյուրը՝ Hayeli.am
Մանուել٠Թամազյան, ArmLur.ru |