13:43
Վարչապետի պաշտոնում տեսնում եմ մեր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին.

NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:

ՕԵԿ ներկայացուցիչները երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ, ի՞նչ է քննարկվել այդ հանդիպման ընթացքում: Արդյոք հանդիպմանը անդրադարձել եք վարչապետի հնարավոր թեկնածուին եւ կոալիցիայի ընդլայնմանը: Ինչպիսի՞ն է ՕԵԿ-ի դիրքորոշումը այդ երկու հարցերի շուրջ՝ վարչապետի նախընտրելի թեկնածու եւ կոալիցիայի ընդլայնում:

Նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են ապագա կառավարության ձեւավորման, ինչպես նաեւ առկա ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր: Մենք կարեւորել ենք երկրում սոցիալ-տնտեսական արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը` վերահաստատելով դեռեւս 2012թ. խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրություններից հետո մեր մոտեցումները:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին: Կուսակցության դերակատարությունը քաղաքական դաշտում, ունեցած ներուժը, անցած ճանապարհը, փորձը, ինչպես նաեւ քաղաքական սկզբունքներն ու առաջնահերթությունները, երկրի նախագահի հետ անցած համատեղ ճանապարհը, մեզ բնականաբար հնարավորություն է տալիս Նախագահի հետ ընթացող քաղաքական կոնսուլտացիաների ժամանակ արտահայտել հստակ եւ շիտակ դիրքորոշում:

Ըստ այդմ հանդիպման ժամանակ Նախագահին ներկայացրել ենք կուսակցության առաջարկություններն ու մոտեցումները, թե ինչպիսի թեկնածուի է ՕԵԿ-ը ուզում տեսնել ապագա վարչապետի պաշտոնում ընդհանրապես եւ վարչապետի մեր նախընտրելի թեկնածուին մասնավորապես: Մենք գտնում ենք, որ ապագա վարչապետը պետք է լինի քաղաքական գործիչ, կիրթ, գրագետ անհատականություն, ունենա աշխատանքային փորձառություն, կարողանա երկրի տնտեսական օրակարգը ներկայացնել միջազգային գործընկերներին` սկսած Մաքսային Միությունից մինչեւ Եվրոպական Միություն, միջազգային ֆինանսական կազմակերպություններին եւ մեր երկրի համար այլ կարեւորագույն գործընկերներին:

Ապագա վարչապետը պետք է լինի ռեֆորմատոր, կարողանա համարձակ բարեփոխումները կյանքի կոչել` երկրի նախագահի եւ կոալիցիոն կառավարության ծրագրերի, գործի նորարարական մեթոդներով եւ վճռական լինի ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում:

Ապագա վարչապետը պետք է լինի երկրի նախագահի զինակիցը, որովհետեւ կարող է հաջողել միայն այն վարչապետը, ով ունի նախագահի աջակցությունը եւ այն վարչապետը, ով կարող է աշխատել տարբեր քաղաքական ուժերի հետ: Բնականաբար, որպես ՕԵԿ խմբակցության ղեկավար, չթերագնահատելով որեւէ մեկին` ես վարչապետի պաշտոնում տեսնում եմ մեր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, ով ունի քաղաքական փորձառություն, գրեթե 4 տարի արդյունավետ ղեկավարել է Ազգային ժողովը, արդեն 6 տարի է ինչ Անվտանգության խորհրդի քարտուղարն է, մի կառույց, որի մասին այսօր արդեն գիտեն բոլորը, քաջածանոթ է մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին խնդիրներին: 

Իսկ կոալիցիայի ընդլայնման հետ կապված կարող եմ ասել, որ որպես քաղաքական ուժ, մենք բաց ենք ու կողմ քաղաքական ուժերի հետ ավելի լայն  համագործակցությանը: 

Ե՞րբ է նախատեսված ՕԵԿ քաղխորհրդի նիստը: Երեկ հանդիպում եղե՞լ է Արթուր Բաղդասարյանի եւ ՕԵԿ նախարարների միջեւ: Լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ ՕԵԿ նախարարները չեն փոխվելու, ի՞նչ կասեք այդ մասով:

Կուսակցության քաղխորհրդի նիստի օրը դեռ որոշված չէ, սակայն ներքաղաքական հարցերի հետ կապված բնականաբար կուսակցությունում տարբեր ձեւաչափի քննարկումներ տեղի են ունենում: Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի եւ ՕԵԿ-ական նախարարների հետ հանդիպման հարցին, ապա ինտրիգ պետք չէ փնտրել այդտեղ, քանի որ նման հանդիպումներ պարբերաբար լինում են` տարբեր բովանդակության հարցեր քննարկելու եւ լուծելու համար: Դա օրինաչափ գործընթաց է: Այդուհանդերձ` քանի որ երկրում քաղաքական կոնսուլտացիաները դեռ չի ավարտվել ՕԵԿ-ում նույնպես չի քննարկվել ՕԵԿ քվոտայով նախարարների վերանշանակման, կամ նման որեւէ այլ հարց, սակայն առաջիկայում ընդհանուր քաղաքական հարցերի շրջանակում, ինչ խոսք, կքննարկվի նաեւ այդ հարցը` իր ողջ տարողությամբ:

Երեկ հրապարակվեց սահմանադրական փոփոխություններ անելու հայեցակարգի նախագիծը: ՕԵԿ-ը կո՞ղմ է Սահմանադրական փոփոխություններին եւ արդյոք անհրաժեշտություն տեսնո՞ւմ է անցնել երկրի կառավարման խորհրդարանական մոդելին:

Դեռեւս 2012թ. նոյեմբերին Հայաստանի քաղաքական օրակարգում կար խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու առաջարկ:   Եթե հիշում եք այն ժամանակ հարցի հետ կապված ՕԵԿ քաղխորհուրդի նիստում տեղի ունեցավ քննարկում եւ մենք արձանագրեցինք, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը  համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաեւ ժամանակավրեպ եւ անընդունելի ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Նկատի ենք ունեցել, որ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդիրը, տարածաշրջանային անկայուն զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված իրավիճակը պահանջում են ունենալ ուժեղ, կենտրոնաձիգ եւ ժողովրդավարական իշխանություն:

Սակայն, միեւնույն ժամանակ, կարեւորելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործման հրամայականը, պատրաստակամ ենք ՀՀ նախագահի եւ այլ քաղաքական ուժերի հետ միասին քննարկել ներկայացված նախագիծը:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 310 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 11.04.2014/13:43
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն