16:20
Վատ և լավ տրամադրությունը «վարակիչ» է ինչպես իրական կյանքում, այնպես էլ սոցկայքերում. հետազոտություն
Facebook սոցկայքի մասնագետները խորհուրդ են տալիս հաջորդ անգամ, երբ ցանկություն կլինի թեթևացնել հոգին և կիսվել դժբախտություններով ու վշտերով սոցկայքի միջոցով, լավ մտածել, թե ինչ հետևանքների կարող է դա հանգեցնել։
 
Մասնագետները վստահեցնում են, որ անձամբ օգտատերը կարող է ազատվել իր վատ տրամադրությունից, սակայն միևնույն ժամանակ նա «կվարակի» դրանով մյուս օգտատերերին, որոնք կկարդան այդ գրառումը, նշում է «Комсомольская правда»-ն։
 
Մխիթարում է միայն մի բան՝ սոցկայքերի «վարակիչ» հատկությունները տարածվում են ոչ միայն բացասական հույզերի վրա, այլ նաև դրական։ Այսինքն՝ սոցկայքերում սեփական դժբախտություններով և տխրությամբ կիսվելը ցանկալի չէ, իսկ ահա «վարակել» ընկերներին դրական հույզերով ողջունելի է։
 
Facebook-ում համակարգչային ծրագրի օգնությամբ վերլուծել են մոտ 1 մլն օգտատերերի ավելի քան 1 միլիարդ հաղորդագրություններ՝ սկսած 2009-ից մինչև 2012թ. մարտ, և եկել են այն եզրահանգման, որ գոյություն ունի դոմինոյի էֆեկտ։
 
Բացասական գրառումն առաջացնում է նմանատիպ բացասական գրառումներ այն օգտատերերից, որոնք կարդացել են առաջին գրառումը։ Յուրաքանչյուր բացասական գրառում ընկերների մոտ առաջացրել է միջին թվից 1.29-ով ավելի բացասական արձագանք։
 
Յուրաքանչյուր դրական գրառման դեպքում թիվը գրեթե 1.5 անգամ բարձր է եղել՝ 1.75։ Ընդ որում՝ անձամբ հետազոտողները կարծում են, որ հույզերի փոխանցման հատկությունը սոցկայքերում ստացված արդյունքներից ավելի բարձր է։

Tert.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 322 | | -Ավելացվել է՝ 14.03.2014/16:20
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն