13:09
Ընտանիքի անդամներին դանակահարելուց հետո վթարի ենթարկված գյուղապետը մահացել է

 

Ընտանիքի անդամներին մայիսի 2-ին դանակահարած, այնուհետեւ իր մեքենայով վթարի ենթարկված՝ Շիրակի մարզի Ալվար համայնքի ղեկավար, 53-ամյա Արտավազդ Մկրտչյանն այսօր՝ մայիսի 3-ի առավոտյան մահացել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Մինչեւ մահանալը՝ կենտրոնի եւ մայրաքաղաքից ժամանած բժիշկները իրենց աշխատանքն են կատարել՝ փորձելով ցավազրկել, սակայն գիտեին՝ նրա կյանքը փրկել հնարավոր չէր: Մոտ 40 րոպե առաջ Ալվարի գյուղապետը մահացել է:

Այս պահին հիվանդանոցում հարազատներն են, եղբայրն է ժամանել Ռուսաստանի Դաշնությունից:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հիվանդանոցում են նաեւ ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները: Դեռ գործ չի հարուցվել, սակայն նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ գյուղապետի կինն ու հարսն արդեն կայուն վիճակում են:

Ավելի վաղ՝ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի Ալվար համայնքի ղեկավար, 53-ամյա Արտավազդ Մկրտչյանը՝ մայիսի 2-ին, վաղ առավոտյան իր վարած «Ինֆինիտի» մակնիշի «170 ԼՏ 47» պետհամարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 200մ գլորվել ձորը, ինչի հետեւանքով  մեքենան բռնկվել էր։ Արտավազդ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով եւ այրվածքներով, տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն:

NEWS.am-ի թղթակցին Ալվարի գյուղացիներից մեկը պատմել էր, որ գյուղապետը մինչեւ վթարի ենթարկվելը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ 53-ամյա Լուիզա Գաբրիելյանի եւ հարսի՝ 24-ամյա Գայանե Գոմցյանի հետ ու դանակահարել  վերջիններիս: Վիճաբանությունից հետո դուրս էր եկել տնից, նստել մեքենան ու արագ վարելով՝ հեռացել գյուղից:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 313 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 03.05.2014/13:09
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն